«Խոստանում էին՝ ապագան լավ կլինի, բայց ավելի բեթար է լինում»․ Քարակերտի խաղողագործներն ահազանգում են՝ բերքը փչանում է, մթերող չկա
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի խաղողագործներն ահազանգում են՝ բերքը հասել է, սակայն խաղող մթերող գործարանները կա՛մ չեն ընդունում, կա՛մ շատ ցածր գին են առաջարկում գյուղացուն։
«110 դրամը գին չէ, եթե հաշվարկ անենք իմ ծախսերը, թե որքան գումար եմ ծախսել խաղողի վրա, թե՛ բուժման, թե՛ վարելու, թե՛ փորելու, թե՛ ջրելու, իմ ծախսն անգամ չի հանում։ Կոպիտ հաշվարկով, պետք է 10 տոննա խաղող ստանամ, բայց դա իմ ծախսերը չի փակում, ես ի՞նչ պետք է անեմ։ Եթե 110 դրամով հաշվենք, կազմում է 1.100.000 դրամ, դրանից ինձ սկի 100.000 փող չի մնում, չհաշված՝ ապահովագրությանը փող ունեմ տալու, բանկերին փող ունեմ տալու, վարկ եմ վերցրել, որ կարողանամ սելիտրա առնեմ, դեղորայք առնեմ․․․ Բանկին էլ չի հետաքրքրում՝ ես իմ խաղողը հանձնե՞լ եմ, թե՞ չէ, հիմա ես ի՞նչ անեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քարակերտի բնակիչ Վռամ Ավետիսյանը։
Քարակերտի բնակիչներից Աշոտ Մելոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ մոտ 3 շաբաթ է, ինչ տարբեր գործարաններ է գնում, խնդրում, որ բերքը մթերեն, բայց ապարդյուն․
«Կլոր 8 տարի սպասել եմ, որ այս բերքը տենամ, հիմա երկրորդ տարին է, որ տեսնում եմ, բայց ստիպված պետք է քանդեմ, որովհետև էլ հնար չկա։ Կլոր 20 օր է՝ զավոդների դռներն եմ, որ սա ինձնից ընդունեն, բայց ասում են՝ սպասիր, բայց ինչքա՞ն սպասեմ, մինչև փչանա, թափե՞նք։ Ես այս խաղողը վազի վրայից չեմ քաղելու, մնալու է․․․»։
Խաղողագործներն ասում են՝ մեկ այլ խնդիր էլ ոռոգման ջուրն է, շաբաթներով, ամիսներով ջուր չի լինում, որ այգիները ջրեն․
«Ասում են՝ ջուր չկա, լճում ջուր չունենք՝ Ախուրյանի ջրամբարում․․․ Լրիվ չորանում է»։
Քարակերտցիները նաև դժգոհեցին, որ մինչ օրս Կառավարության որևէ ներկայացուցիչ չի հանդիպել իրենց հետ, խնդրին տեղում չի ծանոթացել, մինչդեռ քարոզարշավի օրերին տարբեր խոստումներ էին տալիս, ասում՝ «Ապագա կա ապագա»։
«Խոստանում էին, որ ամեն ինչ լավ կլինի, ապագան լավ կլինի, բանից պարզվում է՝ ոչ մի բան էլ լավ չի լինում, ավելի բեթար է լինում։ Ավելի լավ է խաղողի այգիները քանդենք կամ էլ լքենք երկիրը, հոգիներս ազատվի»,- ասաց գյուղացիներից մեկը, ապա հավելեց, որ հավատացել է Նիկոլ Փաշինյանի տված խոստումներին և նրան է ընտրել, բայց հասկացել է, որ սխալվել է։
Քարակերտի երիտասարդ խաղողագործներից Սարգիս Ադամյանը ևս դժգոհեց խաղողի մթերումից, բայց նախ ոռոգման ջրին անդրադարձավ։
«Այգիներն ունենք, ուզում ենք մշակենք, բայց ջուրը հերիք չի անում։ Ասում են՝ Ախուրյանի ջրամբարի ջուրը քիչ է, կեսը թուրքերինն է, չենք հասկանում՝ ոնց են տալիս թուրքերին, բայց փաստն այն է, որ մի օր ջուր է գալիս, մի շաբաթ՝ չէ, այդ մի օրն էլ մի հոգի է հասցնում ջրի, մյուսները մնում են առանց ջուր»,- ասաց խաղողագործը, ապա հավելեց, որ ժամանակին չջրելու պատճառով բերքը նորմալ չի սնուցվում, արդյունքում էական կորուստ է լինում.
«Բույսը, որ տարվա մեջ պետք է ջրվի 5-6 անգամ, ջրվում է 3 անգամ, որ պետք է լինի 100 գրամ, լինում է 30 գրամ, որ ջուր չլցվավ մեջը, քաշ չի ունենալու, ավելի թեթև է լինելու։ Այս տարվա բերքը անցած տարվա համեմատ թեթև է, մարդիկ քաղում են, որ գիտեն՝ 10 տոննա է լինելու, տանում են գործարան՝ 5 տոննա է կազմում, էդ սաղ ջրի խնդիրն է, որ լավ չի ջրվում»։
Նշենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել էր խաղողի մթերման հետ կապված բողոքներին, ասել, որ խորհրդակցություն է անցկացրել խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը սահմանել 130 դրամ, սա մեր ընդհանուր հայտարարի եկած գինն է, որի մասին մթերող գործարանները պարտավորվել են հայտարարություն կատարել․․․»։
Սուրեն Պապիկյանի այս հայտարարությունից հետո խաղողագործները կրկին գնացել էին խաղող մթերող տարբեր գործարաններ, և ինչպես իրենք են փոխանցում՝ որևէ փոփոխություն չի եղել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի և Արագածոտնի մարզի խաղողագործները ճանապարհ էին փակել, նրանք ևս բողոքում էին խաղողի մթերման ցածր գներից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում