«Եթե խաղողը նորմալ գներով չմթերեն, 100 տոկոս նորից ճանապարհ ենք փակելու»․ արարատցի խաղողագործ
«Վեդիից խաղողը բարձել, եկել հասել ենք Արտաշատ, որ գոնե մի քիչ ավել գնով ֆուռին տանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչը։
Անդրադառնալով այսօր առավոտյան խաղողագործների կողմից Երևան-Երասխ ճանապարհը փակելուն, մեր զրուցակիցն ասաց, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի խաղողի գինն արհեստականորեն իջեցնում են, իսկ կառավարությունը որևէ միջամտություն չի անում․
«Խաղողի գինը 155-160 դրամից իջեցրել, սարքել են 115 դրամ ու ասում են՝ սա է։ Բոլորն էլ նույն ձև են աշխատում, համ Արտաշատի կողքի գյուղի գործարանը, որ հենց ճանապարհի վրա է, Դավալուն ասել է՝ չեմ ընդունում, վերջում եմ ընտրելու, Ծառուկյանն էլ ասել է՝ ինձ ձեն չեք տվել, չեմ ընդունելու։ Մի քանի օր առաջ էլ, այսօր էլ ճանապարհ էինք փակել, որ Նիկոլ Փաշինյանին ասեինք՝ արի տես, ապագան սա է, որ մնացել ենք այստեղ, վարկ ենք վերցրել, որ հող մշակենք, բայց ոչ էլ կարողանալու ենք փակել։ Մեզ ասել են, որ սեպտեմբերի 10-12-ից սկսելու են մթերել, եթե իրենց խոսքի տերը չեղան, խաղողը նորմալ գներով չմթերեցին, 100 տոկոս նորից ճանապարհ ենք փակելու»։
Մեր զրուցակիցը նաև դժգոհեց ոռոգման ջրի սակավությունից, ասաց, որ բազմաթիվ այգիներ չորացել են հենց միայն ժամանակին ջուր չհատկացնելու պատճառով․
«Մարդ կա, որ համարյա 2 հեկտար այգի ունի, բայց խնձորը վրեն չորացել է, չամիչ է եղել, ջուր չտվեցին էդ մարդուն։ Ասում ենք, եթե տենց ա, պրյամո ասեք՝ «ս» եղեք, հող մի մշակեք, թողեք փախեք Հայաստանից։ Մարդիկ մնացել են, խոպան չեն գնացել, հող են մշակում, բայց ջուր չտվեցին, կանալը կտրեցին ու ֆսյո…»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ այսօր առավոտյան փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի հատվածը, դժգոհել խաղողի մթերման գներից։ Խաղողագործները հանդիպում էին պահանջել մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ։