Բաժիններ՝

Ավստրալիայում կարող են ամերիկյան նոր ռազմակայաններ հայտնվել. պաշտպանության նախարար

ԱՄՆ-ը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում, քննարկվում է մայրցամաքի հարավում մշտական հիման վրա ամերիկյան ռազմակայանների տեղակայումը: Այդ մասին 9News հեռուստաալիքի Today ծրագրում հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը:

«Մի քանիսը կլինեն մշտական հիման վրա, մենք քննարկում ենք դրանց թվաքանակը: Դրա մեծ հնարավորությունները կան Ավստրալիայի հյուսիսում, որտեղ կարող են բազավորվել այդ մարդիկ, բայց նաեւ հարավային նահանգներում նույնպես»,-ասել է նախարարը: Ներկայում Ավստրալիայում գործում է ԱՄՆ-ի երկու ռազմակայան. երկրի հյուսիսում Ալիս-Սփրինգսի հետախուզական կենտրոնը եւ էկսմաուտի ծովային ռազմակայանը Արեւմտյան Ավստրալիայի նահանգում: «Միացյալ Նահանգներն ասում են, որ կբերեն ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ռմբակոծիչներ, տարբեր հետախուզական ինքնաթիռներ»,-ասել է Դաթոնը:

«Մենք շատ բան կարող ենք անել ծովային տարածությունում, օդային տարածությունում, ինչպես նաեւ այստեղ մեծ հնարավորություններ կան ավստրալական արդյունաբերության համար»,-ընդգծել է նախարարը: Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Այն ենթադրում է ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաների հիման վրա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

Դրա համար Ավստրալիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ֆրանսիայուս սովորական սուզանավերի կառուցման խոշորագույն պարտավորագիրը: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել է Դաթոնը, ատոմային սուզանավերն Ավստրալիան կկարողանա ջուրն իջեցնել մինչեւ 30-ական թվականների վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս