Նիկոլ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր

Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս