ԱՄՆ-ը և նրա համագործակիցները կհայտարարեն անվտանգության բնագավառում նոր ձևաչափի ստեղծման մասին
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կհայտարարեն անվտանգության բնագավառում երեք երկրների միջեւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով նոր եռակողմ գործակցություն ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը»,-ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Politico թերթը հաղորդել է, որ երեք երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր ձեւաչափի շուրջ, որը կոչված է դյուրացնել առաջավոր ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը: Սպասվում է, որ դրա մասին կհայտարարեն սեպտեմբերի 16-ի երեկոյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: