«Սուրեն Պապիկյանը հպարտանում է՝ խաղողը 115 դրամից դարձրինք 130, բայց գործարանները խաղողի որակը պատճառաբանելով՝ իրենց ուզած գնով կմթերեն»․ խաղողագործ
Ազգային ժողովում երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել էր խաղողի մթերման հետ կապված բողոքներին, ասել, որ խորհրդակցություն է անցկացրել խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հնչեցրած հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը մասնավորապես պարզաբանել էր․
«Մեկ շաբաթ առաջ անձամբ այցելել եմ Պռոշյանի գինու-կոնյակի գործարան՝ ընդունման կետ, հանդիպել եմ խաղող արտադրողների հետ, խնդրել եմ բարձրաձայնել բոլոր հարցերը, պատկան մարմիններին եմ հանձնարարել ինձ ինֆորմացիա տալ տարածվող խնդիրների մասին։ Միակ պրոբլեմը, որ առաջանում է, խաղողի գնի շուրջ է, այդ կապակցությամբ այսօր խորհրդակցություն եմ ունեցել մթերող մի շարք, հիմնականում՝ մեծ, ընկերությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը սահմանել 130 դրամ, սա մեր ընդհանուր հայտարարի եկած գինն է, որի մասին մթերող գործարանները պարտավորվել են հայտարարություն կատարել․․․
Դրանից զատ, 2 շաբաթ առաջ Կառավարության որոշմամբ սուբսիդավորվող վարկային միջոցների շեմը սահմանվել է մինչև 4 միլիարդ դրամ: Փոփոխություն կատարվել է նաև ժամկետների մեջ, և դա վերաբերում է ոչ միայն խաղողին, այլև այլ մշակաբույսերին՝ պահածոների համար նախատեսվող բանջարանաբոստանային կուլտուրաներին»,- հայտարարել էր Պապիկյանը, ապա հավելել, որ մամուլի հաղորդագրություն կտարածեն և կտեղեկացնեն, թե կոնկրետ որ գործարանների հետ են պայմանավորվածություններ ձեռք բերել։
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, խաղաղագործ Տոնական Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի երեկվա ելույթից հետո այսօր զանգահարել են խաղող մթերող մի քանի գործարան.
«Այսօր զանգեցի «Պռոշյան»՝ իմանալու՝ գների փոփոխություն տեղի ունեցե՞լ է, նրանք պատասխանեցին՝ այո, բայց 130 դրամով ընդունվում է սուպե՛ր խաղողը։ Այսինքն՝ ցանկացած ողկույզ կարելի է վերցնել և ասել՝ սա թերություն ունի, այսինքն՝ գործարանները, մթերող ձեռնարկությունները հիմա քայքայելու են խաղողագործների առողջությունը՝ էս պատճառաբանությամբ, էն պատճառաբանությամբ, որպեսզի իրենց ուզած գնով մթերեն, ես այդպես եմ հասկանում։ Սուպեր խաղող ի՞նչ է նշանակում։
Տոնական Կարապետյանն ասաց՝ նախորդ տարի 6.5 հեկտար տեխնիկական սորտի խաղողի այգի է հիմնել, բայց այն չի մշակելու, թողնելու է, որ չորանա․
«Ես 8 միլիոն փող եմ ծախսել այդ այգու վրա, եթե նորմալ ջրեի, մշակեի, եկող տարի արդեն բերք պետք է տար, բայց վերջին 3 տարին զզվել ենք խաղող հանձնելուց․ այսօր ուզում եմ երկրից շուտ փախնեմ, մեր երկիրը հրաշք երկիր է, լավ երկիր է, բայց այս իշխանությունները, այս կառավարությունը չգիտես ինչ է անում։ Սուրեն Պապիկյանը հպարտանում է՝ 115 դրամը մենք դարձրինք 130, կառավարությունն ինչ հզոր աշխատանք արեց, հարգելի Սուրեն Պապիկյան, ինչո՞ւ է ֆրանսիացին կոնյակի գործարանում խաղողն ընդունում 155 դրամով, դուք բերում եք 130, հերոսությո՞ւն եք արել․․․ Հարգելի Սուրեն Պապիկյան, ֆրանսիացին մեզ ավելի լավ է, քան դուք, նա 155 դրամով է ընդունում, կարո՞ղ է ֆրանսիացու ընդունած խաղողի ողկույզի հատիկը ոսկուց է․․․»։
Խաղողագործն ասաց, որ կապ են հաստատել նաև Մասիսում գտնվող խաղողի գործարանի աշխատակցի հետ, այնտեղից պատասխանել են, որ գործարանում խաղողի մթերման գնի հետ փոփոխություն չի եղել, 1 կիլոգրամը 115 դրամով են մթերում․
«Ասացին՝ մեզ մոտ գների փոփոխություն չկա, հիմա էլ զանգում եմ, չեն պատասխանում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի և Արագածոտնի մարզի խաղողագործները ճանապարհ էին փակել, նրանք ևս բողոքում էին խաղողի մթերման ցածր գներից։