«Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը կայցելի Գեղամասար համայնք»․ Հակոբ Ավետյանը որոշ մանրամասներ հայտնեց մարզպետի հետ ունեցած հանդիպումից

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը և 17 վարչական շրջանների ղեկավարները Սոթք-Վարդենիս ճանապարհահատվածը բացելուց հետո, որն առավոտյան փակել էր ժողովուրդը, Գավառում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել են Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։

Հանդիպման ավարտից հետո լրագրողները Գեղարքունիքի մարզպետի օգնական Արայիկ Թարփոշյանին հարցրեցին՝ համայնքների խոշորացման վերաբերյալ ինչո՞ւ հանրային քննարկում չի իրականացվել, ինչին ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակիցն ասաց․

«Հիմա դուք ինձ տալիս եք Կառավարության որոշումների հետ կապված հարցեր, որոնցից ես տեղյակ չեմ այս պահին»։

Հարցին՝ ինչո՞ւ մարզպետը միայն ճանապարհ փակելուց հետո որոշեց հանդիպել համայնքապետի և վարչական շրջանների ղեկավարների հետ, մարզպետի օգնականն այսպես պատասխանեց․

«Բա ես ի՞նչ իմանամ․․․ Եթե տեղյակ եք, մարզպետը, 2 օր է, ինչ աշխատանքի է գալիս, դեռ չենք հասցրել լիազորությունների շրջանակը կարգավորել, ես իմ անելիքները հասկանամ, դրա համար չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, ինձ կներեք»։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած հանդիպումից որոշակի մանրամասներ հայտնեց․

«Որոշակի քննարկումներ արեցինք, որոշ հարցերում՝ համաձայնություն-անհամաձայնություն, բայց վերջում եկանք այն համաձայնության, որ մարզպետը կայցելի մեր համայնք, տեղում խնդիրներին կծանոթանա, որովհետև որ տեղում ես լինում՝ պատկերացումդ փոխվում է։ Եթե իրենց մոտեցումը չփոխվեց, դժգոհությունը մնալու է նույնը․․․»։

Ճշտող հարցին՝ մարզպետը ե՞րբ է այցելելու Գեղամասար, և արդյո՞ք շաբաթ օրվա նախատեսված ակցիան կչեղարկվի, Հակոբ Ավետյանը պատասխանեց․

«Սպասում ենք, որ գոնե շաբաթ օրը մարզպետը կգա, քանի որ ունենք պայմանավորվածություն, ես չեմ սիրում պայմանավորվածությունը խախտել, բայց պարտադիր ես իմ առաջարկն ու պահանջը տանելու եմ առաջ, որովհետև խնդիրը ես պատկերացնում և իմ կաշվի վրա զգում եմ․․․»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի 18 գյուղերի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը, պահանջում էին, որպեսզի Կառավարությունը համայնքների խոշորացման նախագծով Գեղամասարը չմիացնի Վարդենիս համայնքին։ Նշենք, որ ճանապարհը փակած գյուղացիների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ էր եղել, երբ գյուղացիները հրաժարվել էին բացել ճանապարհը։

Տեսանյութեր

Լրահոս