«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային աշխարհաքաղաքականությանը, դժբախտաբար, մենք այստեղ ունենք դեռևս շատ ու շատ անելիքներ». Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ, իր հենակետներից թշնամին կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ։

168.amի հետ զրույցում անդրադառնալով թշնամու սադրանքներին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նկատեց՝ Ադրբեջանի պահվածքը սպասելի է, նոր բան չէ։

«Մենք, փաստորեն, Ադրբեջանից այլ բան չենք էլ ակնկալում, այստեղ որևէ փոփոխություն չկա, իրենց մտածելակերպի մեջ չկա որևէ կառուցողական քայլ կատարելու պատրաստակամություն։ Նման սադրանքների նրանք դիմելու են։ Պարզապես այստեղ մեկ այլ խնդիր ևս կա, մեր հանրությունը, տեղեկատվական դաշտն այս դեպքում պետք է ավելի հասուն լինեն, անգամ, եթե ինչ-որ սադրանք է լինում, Ադրբեջանը ցանկանում է, որ այն ուռճացված ներկայացվի՝ նպատակ հետապնդելով խուճապ տարածել արցախահայության մեջ, որ Արցախն անվտանգ չէ, ապագա չկա, որպեսզի մարդիկ լքեն Արցախը։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի թշնամին հասնի իր նպատակներին։ Իհարկե, այդ սադրանքների մասին պետք է բարձրաձայնենք, բայց դա պետք է արվի պրոֆեսիոնալ ձևով»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետի տեղադրմանը, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ երբ օգոստոսին թշնամին փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, նրանք հարված հասցրեցին ՀՀ տնտեսությանը, Իրանի հետ ունեցած կապերին, այսինքն՝ հարված հասցրեցին նաև Իրանին։

«Այս ամենը ցույց է տալիս պանթուրքիստական քաղաքականության գերնպատակները։ Մենք պետք է հասկանանք, որ լուրջ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ, և մենք սառնասրտորեն պատրաստ լինենք այդ քայլերը հասկանալու։ Այնպես չէ, որ մենք հնարավորություններ չունենք դիմակայելու այդ ամենին, և դա պետք է անել բարձր պրոֆեսիոնալիզմով, առանց որևէ զգացմունքների, փորձենք հնարավորինս զսպենք այնպիսի մոտեցումները, թե որևէ բան հնարավոր չէ կատարել։ Հնարավոր է, ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է չեզոքացնել այդ վեկտորները, հատկապես, որ կա այլ հզոր ուժային կենտրոնի շահագրգռվածությունը, որպեսզի այդ սադրիչ քաղաքականությանը դիմակայեն»,- շեշտեց Արցախի արտաքին գործերի նախարարը։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային աշխարհաքաղաքականությանը, և քանի որ Հայաստանը Որոտանի հատվածում դեռևս չունի բարձր որակի այլընտրանքային ճանապարհ, Ադրբեջանն օգտվելու է այդ ամենից։

«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային աշխարհաքաղաքականությանը, դժբախտաբար, մենք այստեղ ունենք դեռևս շատ ու շատ անելիքներ։ Եթե մոտենանք աշխարհաքաղաքականորեն, բազմաթիվ հարցեր արդյունավետ կլուծենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե  սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր Հայաստանից ստացե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ որևէ հրավեր չեն ստացել, չգիտի՝ լինելո՞ւ է տոնախմբություն, թե՞ ոչ։

«Անկախ ամեն ինչից, սեպտեմբերի 21-ը մենք արժևորում ենք՝ որպես Երրորդ Հանրապաետության հիմնադրման օր։ Երկրորդ Հանրապետությունը նույնպես չի կարելի անտեսել, ի վերջո, Արցախի առաջին պատերազմում հաղթել ենք շնորհիվ այն տնտեսական ու մտավոր ներուժի, որը ստեղծվել է Երկրորդ Հանրապետության ժամանակ։ Երկրորդ Հանրապետությունը նույնպես մեծ դերակատարում է  ունեցել մեր պատմության մեջ, այն կարելի է համարել նաև հաղթող Երկրորդ աշխարհամարտում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս