
Իշխանությունը նորից ուզում է «վեթինգը» մղել առաջին պլան. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։
«Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք դա փորձում են անել հնարավորինս փակ ռեժիմով, որպեսզի առայժմ հանրային լայն արձագանք չստանա և հավելյալ ուշադրության ու քննադատության թիրախ չդառնա, ինչպես դա եղավ նախորդ անգամ։
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ վեթինգ իրականացնելու գաղափարից, ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի կազմակերպությունների իրավաբանական «բլոկը» անընդհատ բոլոր հարթակներում տվյալ հարցը փորձում էր բերել հանրային օրակարգ և դարձնել առաջնային դիսկուրսի թեմա։ Թերթի տեղեկություններով, հենց տվյալ շրջանակների ջանքերի շնորհիվ է, որ հիշյալ հարցը դարձյալ հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։ Ավելին, տեղեկություններ կան, որ այս ընթացքում իշխող ուժի փորձագետներն արդեն մի քանի անգամ եղել են համապատասխան գրասենյակներում և որոշակի «կուրսեր» անցել»։