«Սա ճիշտ մեթոդ է՝ պացիենտներին ընդունել՝ ըստ հերթագրման ցուցակների». Անահիտ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եթե մարդը չի ուզում ամիսը երկու անգամ պատվաստվել և գումար ծախսել, ուրեմն՝ պետք է պատվաստվի, որպեսզի այդ գումարը չծախսի:
«Գների հետ կապված հարցերը որևէ առումով իմ գործառույթների մեջ չի մտնում, բայց կարծեմ՝ բավականին տարբերակված գներ կան, որքանով որ գիտեմ՝ 8 հազար դրամից սկսած ՊՇՌ թեստեր կան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է պետպատվերի համար գումար չհատկացնելուն և հարցին՝ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք անհապաղ վիրահատության կարիք ունեն, և դա պետք է անեն պետպատվերի շրջանակներում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ բոլոր պլանային վիրահատությունները պետք է հերթագրման սկզբունքով կատարել:
«Սա ճիշտ մեթոդ է՝ պացիենտներին ընդունել՝ ըստ հերթագրման ցուցակների: Այո, որոշ ծառայություններով ունենք գերակատարություններ, և սա նորմալ է: Ցավոք, կորոնավիրուսն ազդում է մարդկանց առողջության վրա անգամ առողջացման պարագայում և առաջացնում է մի շարք հիվանդությունների սրացումներ, լրացուցիչ առողջական խնդիրներ: Մենք ունենք նաև հետպատերազմյան շրջան, որտեղ պետք է ակնկալենք դիմելիության աճ: Կրկնում եմ՝ պլանային վիրահատությունները, հետազոտությունները հերթագրման սկզբունքով շարունակում են աշխատել: Անհետաձգելի բուժօգնության մասով որևէ կասեցում չկա ու չի էլ լինելու»,- նշեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հերքեց այն տեղեկությունները, թե կառավարությունը պարտք է բուժհաստատություններին՝ նշելով, որ բուժհաստատություններին կառավարությունը որևէ բան պարտք չէ: