Հուսով ենք, որ այս տարի կհաջողվի պահպանել գազի նույն գինը սահմանին. Մհեր Գրիգորյան

«Արդյո՞ք մենք ունենք որոշակիություն 2022թ. համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, որովհետև, եթե ես ճիշտ եմ հիշում, այս պահի դրությամբ, անգամ 2021թ. մասով մենք ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնել ռուսական կողմի հետ միասին»,- հիմնվելով միջազգային շուկայում գազի գնի աննախադեպ բարձրացման, Ռուսաստան-Բելառուս գազի կոնկրետ սակագնի պայմանավորվածության և երեկ կայացած Գազպրոմ-կառավարություն հանդիպման հանգամանքների վրա՝ այսօր կառավարությանը հարցով դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ հնչեցված հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ Գազպրոմ խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում մշտապես փորձ է արվում գոնե պահպանել գազի սակագինը:

«Իրոք շատ կարևոր հարց է, և իրոք կա որոշակի անորոշություն, և կան որոշակի տենդենցներ, որովհետև երեկվա դրությամբ ռեկորդ եղավ, գինը կազմեց 800 դոլարին համարժեք՝ հազար խորանարդ մետրի համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է: Ես ասեմ, որ ըստ էության բանակցությունները Գազպրոմի խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում, որովհետև իրոք մենք ըստ էության ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման, այլ ոչ ավելացման մասին, չնայած որ կա պնդում Գազպրոմ խմբի կողմից, որ 2013թ. համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է, և Ձեր թույլտվությամբ ես հիմա ավել բան չասեմ, որովհետև հենց հիմա  բանակցությունների գործընթաց է: Հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված, և երբ որ բանակցությունները ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ…

Անսպասելի ասելով՝ ես նկատի ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Բայց ժամանակի ընթացքում… տեսեք, թե աշխարհում ինչ է կատարվում: Հիմա ես չեմ կարող խոսել 2 կամ 3 տարիների կտրվածքով: Հուսով ենք, որ այս տարի կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»,- ասաց Մհեր Գրիգորյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս