«Իշխանահաճո կամ ոչ իշխանահաճո դատավորներ մեզ համար չկան. ցանկացած վարույթ, որը բերվում է, պետք է բերվի հիմնավորված». Գրիգոր Բեքմեզյան
«Իհարկե, ինձ պատճառները հայտնի են: Ես խոսել եմ իր հետ: Չեմ կարող ասել, քանի որ դա մեր անձնական խոսակցությունն է եղել: Ես միշտ համարել եմ, որ Նորա Կարապետյանը սկզբունքային դատավոր է և անձնավորություն: Դրա համար, երբ ինքն ընտրվում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ես ինքս կողմ եմ եղել նրա թեկնածությանը: Հիմա մարդը գտնում է, որ ինքն այս պահին պատրաստ չէ շարունակել իր պաշտոնավարումը, և Խորհուրդը մի բան կարող էր անել՝ հարգել նրա որոշումը և ընդունել հրաժարականի դիմումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ հարցին:
ԲԴԽ անդամն ասաց, որ թեև օրենքը թույլ է տալիս նաև չընդունել դիմումը, իրենք ընդունել են այն, և հավելեց, որ Նորա Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր, ինչը համարեց ուրախալի փաստ:
Խոսելով ԲԴԽ-ում քննվող կարգապահական վարույթների մասին՝ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ թեև վարույթի կողմերը երկուսն են, սակայն վարույթ հարուցող մարմինն ավելի մեծ պարտականություն ունի ապացուցելու, որ դատավորը սխալ է:
«Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ ավելի բարդ իրավիճակում է հենց վարույթ հարուցող մարմինը, և ինքը պետք է ավելի շատ ջանք գործադրի՝ ապացուցելու իր հիմնավորվածությունը»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Նա պնդեց՝ Խորհուրդն իսկապես անկախ մարմին է, և անդամներն իսկապես օբյեկտիվ են մոտենում բոլոր գործերին:
«Մեր նպատակը չէ դատավորին պատասխանատվության ենթարկելը: Մեր նպատակն է դատավորին պատասխանատվության ենթարկել միայն մի դեպքում, եթե կա խախտում դատավորի կողմից, և եթե դրա հետագա դրսևորումները վերացնելու համար մենք պետք է ցույց տանք, որ դատավորը սխալ է արել, և հետագայում մյուս դատավորները խուսափեն այն կրկնելուց»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ի ու դատավորների հասցեին արված սուր ձևակերպումների վերաբերյալ հարցին՝ ԲԴԽ անդամն ասաց, որ այդ ամենը խոսում է այն մասին, որ այս պահին դատական համակարգն իսկապես անկախ է:
«Ի տարբերություն դատական իշխանության ներկայացուցիչների՝ գործադիր մարմինների ներկայացուցիչները, որոնք նաև քաղաքական գործիչներ են, կարող են անել արտահայտություններ, որոնք ավելի շատ քաղաքական են, և ես՝ որպես ԲԴԽ անդամ, որևէ կերպ չեմ կարող արձագանքել և պատասխանել: Ես պետք է պահպանեմ օրենքով ինձ վրա դրված քաղաքական չեզոքության պահանջը: Ուստի ես ուղղակի կարող եմ ասել, որ դա քաղաքական հայտարարություն էր, որի նկատմամբ ես որևէ վերաբերմունք կամ դրսևորում չունեմ»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Դատական իշխանության ներկայացուցիչը շեշտում է՝ իրենք աշխատում են այնպես, որ նախ և առաջ իրենց խիղճն իրենցից գոհ լինի, որ օրենքն իրենց տրված է մեկնաբանելու, կիրառելու, մարդկանց համար արդարադատություն իրականացնելու համար, և պետք չէ նեղանալ իրենցից:
«Վաղ թե ուշ, ես կարծում եմ, որ պետք է նախարարի կողմից վարույթ հարուցելու գործառույթը վերցվի և տրվի ուրիշ մարմնի, բայց ես համաձայն եմ, որ տվյալ պահին այլընտրանք մենք չունենք»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ հատուկ ուշադրություն չի դարձնում, թե ում նկատմամբ են վարույթներ բերվում Խորհուրդ, որովհետև բոլոր դատավորներն իր համար հավասար են:
«Իշխանահաճո կամ ոչ իշխանահաճո դատավոր մեզ համար չկա: Ցանկացած վարույթ, որը բերվում է, պետք է բերվի հիմնավորված: Հիմա եթե այդ դատավորին իշխանությունը չի սիրում, բայց վարույթը հիմնավորված չէ, կմերժվի, եթե չի սիրում, բայց հիմնավորված է, կբավարարվի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Ինչ վերաբերում է քրեական գործերը դատավորներին ձեռքով մակագրելու վերջին ամիսների պրակտիկային, ԲԴԽ անդամի կարծիքով՝ այդ գործընթացը տվյալ պահին օրինական է, բայց նորմալ չէ:
«Ես էլ եմ միշտ համարել, որ պետք է լինի մակագրման էլեկտրոնային համակարգ ցանկացած սուբյեկտիվություն բացառելու համար… Հիմա օրենքը հստակ տալիս է սկզբունքներ, որ մակագրությունը տեղի է ունենում, եթե չկա էլեկտրոնային համակարգը: Ես չեմ կարող բացառել, որ սուբյեկտիվ ոչինչ չի լինում, ես կարող եմ ուղղակի ասել, որ օրենքը բացառում է նման բան: Եթե կլինեն դեպքեր, որոնք հետագայում կապացուցվեն, ես առաջին մարդը կլինեմ, ով համաձայն կլինի, որ քրեական գործ հարուցվի, և կոնկրետ անձը, որը կատարել է անօրինական բաշխում, պատասխանատվություն կրի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում