ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը
ԿԺԴՀ-ն չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեի (JCS) տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովում:
Նրանք նշել են, որ չճանաչված տեսակի հրթիռներն արձակվել են սեպտեմբերի 15-ի ցերեկը, Հյուսիսի կենտրոնական ներքին շրջաններից: Հարավային Կորեան ԱՄՆ-ի զինվորականների հետ համատեղ վերլուծում է արձակման մանրամասները: Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ, հնարավոր է, ԿԺԴՀ-ից բալիստիկ հրթիռ է արձակվել: Կառավարությունը նշել է, որ տեղեկություն է հավաքում արձակման վերաբերյալ:
Երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից այն կողմ: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր մեծ հեռահարության նոր տեսակի թեւավոր հրթիռների հաջող փորձարկումների մասին:
Փհենյանի պնդմամբ, փորձարկումները տեղի են ունեցել հանգստյան օրերին: Նոր տեսակի հրթիռների վրա աշխատանքը տեւել է երկու տարի: ԿԿՀԳ (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն) հյուսիսկորեական գործակալությունը մեծ հեռահարության թեւավոր հրթիռները համարել է «ռազմավարական զենք, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: