«Ուզում են շեղել ժողովրդին, հիմա՞ ինչ ունի տալու»․ զոհվածի մայրը՝ «գունագեղ տոնակատարության» մասին

«Ի՞նչ է նշանակում՝ գունագեղ տոնակատարություն, երբ մեր երեխեքի զոհվելու 1 տարին չի լրացել, ես կատեգորիկ դեմ եմ այդ միջոցառման անցկացմանը․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի մասին սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում առաջինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը․ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

Փաշինյանի այս հայտարարությունից հաշված  րոպեներ անց  սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին քննադատական գրառումներ կատարել, ամոթանք տալ կառավարությանը՝ կայացրած  այս որոշման առնչությամբ։ Հատկապես զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կոշտ հայտարարություններով հանդես եկան։

«Սեպտեմբերի 21-ի միջոցառումն ուղղակի աբսուրդ է, ես դրա տակ ինչ-որ բան եմ տեսնում, ուզում են շեղել ժողովրդին, հիմա՞ ինչ ունի տալու․․․ Կամ ո՞նց կարելի է այդ բառն արտահայտել՝ գունագեղ տոնակատարություն։ Չեմ ընդունում և չգիտեմ, թե այդ օրն ինչ կարող է լինել․․․ Ուղղակի Տարոնիս դուր չի գա, որ իր նկարը վերցնեմ և այդ օրը գնամ հրապարակ ու ասեմ՝ ո՛չ․․․ »,- մեզ հետ զրույցում ասաց զոհված Տարոն Գիվարգիզյանի մայրը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր գրառում  է կատարել ու պարզաբանել, որ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիր է, լինելու են սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով կատարումներ, և, որ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված, տիկին Լաուրան ասաց, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի՝ «գունագեղ տոնակատարությունը» լղոզելու փորձ է․

«Նիկոլի հայտարարությունից հետո իրենք մեր՝ զոհվածների հարազատներիս, արձագանքը տեսան ու հիմա փորձում են մի ձև լղոզեն։ Կամ Նիկոլ Փաշինյանին պատիվ չի՞ բերում, որ ինքը շտկումներ աներ, ոչ թե իր փոխարեն մեկ ուրիշը։ Ես երեկ հանդիպման էի, որտեղ 19 զոհվածների ծնողներ կային, նրանք ևս դեմ էին այս միջոցառման անցկացմանը»։

Տիկին Լաուրան նաև դժգոհեց, որ Խաչվերացի հաջորդ օրը՝ մեռելոցին, բազմաթիվ ծնողներ չեն կարողացել գնալ իրենց որդիների շիրիմներին, քանի որ աշխատանքային օր է եղել, փոխարենը՝ Կառավարությունը սեպտեմբերի 20-ն է ոչ աշխատանքային օր սահմանել․

«Երեկ մեռելոց էր, բայց մենք եկել էինք աշխատանքի, ոչ մեկիս թույլ չեն տվել, որ մնանք տանը։ Իսկ կիրակի, ըստ կարգի՝ մենք մեր երեխեքի ուրախ տոնը պետք է նշեինք՝ Խաչվերացը, խունկ չպետք է վառեինք, մեր երեխեքի մոտ հաջորդ օրը պետք է գնայինք, ցավոք, բավականին շատ ծնողներ չկարողացան գնալ իրենց որդիների գերեզմանին»։

168am-ը փորձեց կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ՝ միջոցառման վերաբերյալ հարցեր տալու և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին  անպատասխան։

Ի դեպ՝ բազմաթիվ  հերոսների հարյուրավոր ծնողներ հայտարարությամբ են հանդես եկել, պահանջել չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»․

«Մենք՝ հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը 6 օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք:

Մեր տղերքի զոհվելուց դեռ 1 տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին և ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը և հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ եւ մեր տղաների հիշատակին: Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից և Անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով»:

Նշենք, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին նվիրված «տոնակատարությունը» նորից կազմակերպում է հայ հանրությանն արդեն հայտնի «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։ Հանրապետության հրապարակում  շարունակվում են շաբաթներ առաջ մեկնարկած բեմի կառուցման աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս