Երևանը պայմա՞ն է դնում ԵԱՀԿ ՄԽ-ի առջև

44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելուն ուղղված քայլեր են իրականացվում աշխարհաքաղաքական որոշ շրջանակների կողմից:

Թերևս գաղտնիք չէ, որ պատերազմից և եռակողմ հայտարարությունների ստորագրումից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն այս կամ այն ձևաչափով մերժում են աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, թեև Ռուսաստանը խուսափում է դա անել հրապարակային՝ նշելով, թե այս փուլում կարևոր է հումանիտար իրավիճակի կարգավորումը հետհակամարտային գոտում:

Սրան զուգահեռ, ինչպես Երևանը, այնպես էլ Փարիզն ու Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ ուղերձներ են հղում ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման և ԼՂ հակամարտությունը վերջնական կարգավորելու անհրաժեշտության մասին: Սակայն որոշակի սպասողական վիճակում են նաև ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները:

Նախ հիշեցնենք՝ վերջերս Ռուսաստանը փոխեց իր ՄԽ համանախագահին, նշանակելով Իգոր Խովաևին, ով առանձին այցեր կատարեց Բաքու, ապա սեպտեմբերի 6-ին՝ Երևան: «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Հաղորդագրության համաձայն, Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև շեշտել առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին: Հանդիպման առանցքային թեման՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը: Հայկական կողմի տարածած տեղեկատվության համաձայն, զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը սատարում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը, մասնավորապես՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Իր հերթին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել, որ անում են լավագույնը, այն, ինչ կարող են, որ երկու կողմերին կրկին վերադարձնեն Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում են, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։

«Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք` ԱՄՆ-ը որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»,- նշել է ԱՄՆ դեսպանը։

Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեության չվերականգնման պատասխանատվությունը Վաշինգտոնն ինչ-որ իմաստով դնում է Երևանի վրա:

Տպավորություն է, որ Երևանի տվյալ պայմանի բացակայության դեպքում ԵԱՀԿ ՄԽ քաղաքական բանակցությունները կամ աշխատանքը վերսկսված կլիներ:

Եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է արձանագրել մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ այս հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա որակմամբ, թույլ գտնվեց իր գործառույթն իրականացնելու հարցում, և այն է՛լ ավելի թուլացավ պատերազմի ազդեցության ներքո, ինչը բնական է:

Երկրորդը, վերլուծաբանի կարծիքով, կա նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, փոփոխված քաղաքական և ռազմական հավասարակշռություն, ընդհանրապես տարածաշրջանային նոր պատկեր, որում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն ունի էական դերակատարություն:

«Խոսքը Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Թուրքիայի մասին է: Բոլոր խաղացողների համար կա ներկայումս գործունեության մեծ դաշտ, սակայն նաև մեծ անորոշություն, դա վերաբերում է ինչպես փոքր, այնպես էլ՝ մեծ խաղացողներին, այդ թվում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, որոնք առանց տարածաշրջանային ուժերի չեն կարող մասնակցել կարգավորման գործընթացին: Պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև որոշակի սեպ է նկատելի դարձել, այն դեռ շարունակում է և իր հերթին հարվածում ՄԽ հնարավոր գործընթացին:

Կա այդ աշխատանքը վերանայելու և ավելի արդյունավետ դարձնելու խնդիր, այս ֆոնին է՛լ ավելի կարևոր է, որպեսզի միջնորդն իր գործունեությունը ծավալի համաձայնության մթնոլորտում, կողմերը պետք է համաձայն լինեն և ցանկանան նման գործընթաց: Այստեղ, իհարկե, ՌԴ կարծիքն էական նշանակություն ունի: Եթե կա պայման, որ պետք է լուծվեն հումանիտար հարցերը, ապա միջնորդները կսպասեն, սակայն կնշեն նաև այն օրակարգը, որն իրենք են տեսնում, և դա հստակ է՝ կարգավորման գործընթաց և ԼՂ կարգավիճակի քննարկում: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հումանիտար հարցերը ևս շատ երկար ժամանակ են պահանջում նույնիսկ այն դեպքում, երբ այդ գործընթացն ունի միջնորդներ: Ուստի ստեղծված առկախված վիճակը, որքան ասես, կարող է երկարաձգվել: Մյուս կողմից՝ Արևմուտքը հասկանում է, որ նախկին մոտեցումն այսօր հատկապես չի կարող իրեն արդարացնել, ուստի Մինսկի խմբին զուգահեռ՝ ներդրվում են ավելի բարձրաստիճան ջանքեր, սակայն գիտակցումով, որ տարածաշրջանում կան ազդեցություն ունեցող ուժեր, գործընթացներ, ուստի պետք է աշխատանքը լինի այս բոլոր հանգամանքները հաշվի առնող: Իհարկե, դա բարդ է»,- նման կարծիք հայտնեց եվրոպացի վերլուծաբանը:

Ուստի նա նշեց, որ կան որոշակի ազդակներ, աշխատանք, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը շուտով վերականգնվելու է:

Տեսանյութեր

Լրահոս