«Երբ գա պատասխանատվության պահը, մենք բոլորս հավասար պատասխանատու ենք, մենք հավասար կրելու ենք այդ պատասխանատվությունը». Լուսինե Բադալյան

Կառավարության աշխատակազմում նախագիծ են դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց ընտանիքի անդամները պետության հաշվին կստանան անվճար բուժօգնություն, ավելին՝  առաջարկում են ԱԺ նախագահին  տրամադրել անձնական բժիշկ:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն անդրադառնալով այդ նախագծին՝ նշեց, որ այդ նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունի, քանի որ դեռ շրջանառության մեջ չի դրվել:

«Փորձը ցույց է տալիս, որ շատ օրենքներ՝ հանրային քննարկումից մինչև քվեարկություն, մեծ փոփոխության է ենթարկվում, այս ամբողջ ընթացքում այդպես է եղել: Հետևաբար՝ կարծում եմ, որ այս նախագիծն էլ դեռ երկար քննարկվելու է: Անկեղծ, անարդարացի ոչինչ չեմ տեսնում, քանի որ մենք հիմա արդեն խորհրդարանական երկիր ենք փաստացի, բայց ստացվում է, որ մենք դեռ շարունակում ենք մեր մտածելակերպով մնալ նախագահական երկրի քաղաքացիներ: ԱԺ-ի նկատմամբ էլ վերաբերմունքը չի փոխվել, սկսած ԱԺ նախագահից՝ մինչև պատգամավորներ, մենք նրանց դեռ չենք ընկալում՝ որպես խորհրդարանական երկրի ներկայացուցիչների: Եթե այս տրամաբանությամբ գնանք, ապա ԱԺ նախագահը ոչ իր գործառույթներով, ոչ էլ այն առավելություններով, որը նրան տրվում է, չնայած ես չեմ համարում սա առավելություն, կարծում եմ՝ այստեղ անվտանգային հարցեր կան»,- նշեց Լուսինե Բադալյանը:
Ինչ վերաբերում է պատգամավորներին  250  հազար դրամ լրացուցիչ գումար տրամադրելուն, Լուսինե Բադալյանը նկատեց՝ բացի այդ 250 հազար դրամից,  որևէ օրենքով էական եկամուտ չի տրվում  պատգամավորներին:

Ինչ վերաբերում է հարցին, որ կենսաթոշակները չեն բարձրացվում, բայց պաշտոնյաները կարող են պետության հաշվին բուժվել, Լուսինե Բադալյանը նկատեց՝ այս  երկուսն  էլ շատ տարբեր բաներ են, որևէ կերպ համեմատելի չեն:

«Սրանք իրար հետ կապ չունեցող երևույթներ են, այսինքն՝ երկրի ղեկավար կազմն անվտանգային առումներով ունենո՞ւմ է անձնական բժիշկ, թե՞ ոչ, սա պետք է դեռ պարզաբանել: Անկեղծ ասած, այս մասին ես հիմա լսում եմ ձեզանից: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա այն ամեն տարի աճման կարգով պետք է բարձրանա, իհարկե, մեզ այստեղ մի քիչ խանգարեց կորոնավիրուսն ու պատերազմը, և, բնականաբար, բյուջեում փոփոխություններ են լինում, ծախսերը շատանում են»,- շեշտեց նա:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո էլ պատգամավորների ու ԱԺ նախագահի համար պահանջվի անձնական բժիշկ, Լուսինե Բադալյանը պատասխանեց, թե իրեն անձնական վարսավիր պետք չէ, քանի որ իր բոլոր անձնական կարիքներն ինքն  է հոգում:

Ինչ վերաբերում է պատերազմում կրած պարտությանը և դրա համար պատասխանատվություն կրելուն, ապա Լուսինե Բադալյանը նշեց. «Երբ գա պատասխանատվության պահը, մենք բոլորս հավասար պատասխանատու ենք, մենք հավասար կրելու ենք այդ պատասխանատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս