
ԱՄՆ-ի օդերևութաբանները նախազգուշացրել են «Նիկոլաս» փոթորկի սաստկացման մասին

Մեքսիկական ծոցում ձեւավորված «Նիկոլաս» արեւադարձային փոթորկը սաստկացել է մինչեւ առաջին կատեգորիայի մրրիկ եւ մոտենում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին: Այդ մասին հաղորդել է Փոթորիկների հսկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):
«Նիկոլասը» դարձել է մրրիկ: Այն հորդառատ անձրեւներ, ուժեղ քամիներ եւ փոթորկալի ալիքներ է բերում Տեխասի կենտրոնական շրջաններ եւ առափնյա վերին հատվածներ»,-ասվում է Twitter-ում զետեղված NHC-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տարերքը կարող է առաջիկա օրերին իր ճիրանների մեջ առնել նաեւ Լուիզիանա նահանգը: ԱՄՆ-ի օդերեւութաբանների կարծիքով, քամու առավելագույն արագությունը ժամում հասնում է 120 կիլոմետրի: Փոթորիկը շարժվում է ժամում 16 կիլոմետր արագությամբ: Արեւադարձային փոթորիկին անուն է տրվում, երբ նրան ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում 62 կիլոմետրի: Փոթորիկը դառնում է մրրիկ, երբ քամու արագությունը գերազանցում է ժամում 119 կիլոմետրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: