Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. Իվան Կորչոկ

Սլովակիան գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատելուն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Նա հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք ի վերջո կհանգեցնեն հաշտեցման:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հարցին: Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից ձեռնպահ մնալը: Կարևոր ենք համարում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը: Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի: Եթե կա խաղաղության հասնելու կամք, հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է կարգավորել: Մենք, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս