
Գերմանիան Աֆղանստանին հումանիտար օգնության նպատակով կհատկացնի 100 մլն եվրո

Գերմանիան նախատեսում է 100 մլն եվրո հատկացնել Աֆղանստանին հումանիտար օգնություն կազմակերպելու համար: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (Heiko Maas) Ժնևում:
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ խոսքը բացառապես Աֆղանստանի բնակչության կարիքների մասին է: Նախարարը նաև ընդգծել է, որ ևս 500 մլն եվրո փոխանցելու նախադրյալներ կան:
Գերմանիայի ԱԳ ղեկավարը կարծում է, որ այդպիսի օգնությունը հնարավոր է, չնայած այն բանին, որ Քաբուլում իշխանությունը գրավել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը:
«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը: