Որքան ԼՂ-ին պետք են ռուս խաղաղապահները, այդքան էլ նրանք պետք է մնան այնտեղ. Կլիմով
«Ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ ԼՂ-ում կլինեն մեր խաղաղապահները»,- այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը՝ արձագանքելով հարցին, թե ինչ տարաձայնություններ կան Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատի շուրջ, և որքան կշարունակվի Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը:
Կլիմովն ուշագրավ պատասխան տվեց այս հարցին, ասելով՝ այն, ինչ կոչվում է real politic, ենթադրում է, որ պետք է խուսափել այնպիսի ձևակերպումներից, ինչպիսիք են «միշտ, ընդմիշտ, բոլորը» և այդպես շարունակ:
«Կա մի կղզի, որը կոչվում է Կիպրոս, այնտեղ թուրքական ներկայություն կա, որն աշխարհում որևէ մեկի կողմից չի ճանաչվում, և այնտեղ կան մարդիկ, որոնք կիսում են Հյուսիսային Կիպրոսը՝ ոչ մեկի կողմից չճանաչված, բացի Թուրքիայից, և Կիպրոսի Հանրապետությունը: Երբ ես երիտասարդ էի և առաջին անգամ գործուղման մեկնեցի Կիպրոս կղզի, իսկ դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին «կապույտ սաղավարտները», ես պարզապես շատ լավ եմ հիշում, թե ինչից այդ ամենը սկսվեց: Ես հիշում եմ տարբեր կիպրացի քաղաքական գործիչների հետ խոսակցությունները, նրանցից մեկը Կիպրոսի ներկայիս ղեկավար կազմում է, նրանցից մյուսն էական դերակատարություն ունի թուրքական քաղաքականության մեջ:
Այն ժամանակ երիտասարդ էի, կնճիռներ չկային: Հիմա էլ շփվում եմ, խոսում եմ, մի բան է ուրախացնում, եթե այն ժամանակ սաղավարտներով էին խոսում, ապա հիմա՝ առանց սաղավարտների: Եթե այն ժամանակ մարդիկ էին սպանվում, ապա հիմա պատահում է, բայց, փառք Աստծո, 5-6 տարին մեկ անգամ: Զբոսաշրջիկներ կան: Իրավիճակը լիովին լուծված չէ, պարզապես այնպիսի սերունդ է ներկայումս, որն այլ կերպ է ընդունում այդ իրավիճակը: Իսկ եթե այնտեղից հանվի խաղաղապահ կոնտինգենտը, ի՞նչ տեղի կունենա այնտեղ: Միայն Աստծուն է հայտնի:
Ուստի ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ այնտեղ կլինեն մեր խաղաղապահները, սակայն որքան նրանք այնտեղ պետք են, ինձ թվում է՝ այդքան էլ նրանք պետք է այնտեղ մնան՝ հենց մեր խաղաղապահները, քանի որ ՌԴ-ն օբյեկտիվորեն հետաքրքրված է, որպեսզի լինի խաղաղություն մեր սահմանների երկայնքով»,- ասաց Կլիմովը: