
Երևանը դժգո՞հ է Մոսկվայից. ռուս սենատորի ակնարկը

ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն օրերս է Երևանից Մոսկվա մեկնել: Այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց անձամբ սենատորը՝ ներկայացնելով քաղաքական խորհրդակցությունների որոշ մանրամասներ:
Նա նախ ասաց, որ Երևանում հանդիպել է քաղաքական բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ, ոմանց սպասում է այնտեղ՝ Մոսկվայում: ԼՂ-ի դեպքում, նրա որակմամբ, ամենակարևոր հարցն այն է, որպեսզի այնտեղ իրական խաղաղություն լինի:
«Կարևոր է, որպեսզի ողջ ծավալով իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք կան: Իսկ ես գիտեմ, որ այս պայմանավորվածությունների վերաբերյալ բավական դժգոհություններ կան: Ես կրկնեմ, որ նոր եմ վերադարձել Երևանից: Հավատացեք, որ կա հարցերի ցանկ, որն ինձ ուղղել են, այն մոտավորապես այս գրքի չափ է, որը ես սկզբում ցույց տվեցի: Եվ մենք կփորձենք ավելի բարդ հարցերին պատասխանել թե՛ դիվանագիտական խողովակներով, թե՛ տարբեր այլ եղանակներով»,- ասաց Կլիմովը: