«Պետք է բացահայտենք, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնումն Ադրբեջանին». Արթուր Ղազինյան
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իշխող խմբակցության պատգամավորները երրորդ անգամ դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Ղազինյանն անդրադառնալով իրեն չընտրելու հարցին՝ ասաց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը պաշտոն չի համարում, սակայն փոխնախագահը փաստացի դառնում է ընդդիմության առաջին ներկայացուցիչը տվյալ հանձնաժողովում:
«Սա կապված է իմ անձի հետ, իմ քաղաքական նկրտումների և քաղաքական համարձակ գործունեության հետ: Օրենքը մեկ անձի առաջադրվելու համար սահմանափակումներ չի դնում, հնարավոր է 12, 25 անգամ առաջադրվել: Սա ինձ համար արդեն դարձել է հաճելի գործ, և յուրաքանչյուր հաջորդ նիստը առաջացնում է շատ ավելի մեծ հետաքրքրություն հանրության շրջանում: Յոթերորդ գումարման ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի անունը ոչ մեկը չի հիշում, բայց ես վստահեցնում եմ, որ ութերորդ գումարման ԱԺ այդ հանձնաժողովի տեղակալի թեման դեռ շատ երկար կհիշեք»,- նշեց Արթուր Ղազինյանը:
Ըստ նրա, այս ամենը որևէ կերպ չի խոչընդոտում հանձնաժողովի աշխատանքներին, որ, օրինակ, իշխանությունը նիստի օրակարգում ներառեր նաև Որոտանում տեղի ունեցող դավաճանական գործընթացները:
«Պետք է բացահայտենք, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքի հանձնումը Ադրբեջանին, սա հանձնում էր և պետական դավաճանություն»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում