Հայկ Կոնջորյանը չպատասխանեց՝ Որոտանում թշնամու զբաղեցրած տարածքը ՀՀ սուվերեն տարա՞ծքն է, թե՞ ոչ
Արդեն երրորդ օրն է, Ադրբեջանը ոստիկանական անցակետ է տեղադրել Որոտանի ճանապարհին և իրանական բեռնատարներին կանգնեցնելով՝ 50 հազար դրամ է գանձում վարորդներից, ըստ որոշ տեղեկությունների՝ նաև ավելին:
Թեև հասարակությունն արդեն սկսել է չզարմանալ պատկան մարմինների անգործությունից, քանի որ մայիսի 12-ից թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և ամրացնում է իր զբաղեցրած դիրքերը, իսկ ՀՀ պատկան մարմինները տեսնում են ու ոչինչ չեն անում: Այդուհանդերձ, ադրբեջանական անցակետի վերաբերյալ ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հասարակությունը զարմացավ, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ Որոտանի այդ հատվածն ԱԱԾ-ն էլ էր անվանել ադրբեջանական անվանումով՝ Էյվազլի, ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Տարածած հաղորդագրությամբ հանրությանը տեղեկացվում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Չմանրամասնելով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն՝ թշնամուն պետք է դո՞ւրս շպրտեն ՀՀ սուվերեն տարածքից, թե՞ ուղղակի հորդորեն, որ իրանական մեքենաները չկանգնեցնեն և տուրք չգանձեն:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են պատկերացնում Սյունիքում ստեղծված իրավիճակը լուծելը և առհասարակ ի՞նչ են մտածում իշխող թիմում այս հարցի կարգավորման շուրջ:
Ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցերի, Հայկ Կոնջորյանը մատնանշեց ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, նշելով, որ այդ հաղորդագրությունից զատ, այլ մեկնաբանություն չի տալիս:
«ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված է նաև, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու համար»,- նշեց նա:
Թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին իշխող խմբակցության ղեկավարը տվեց նույն պատասխանը, լրագրողներին հորդորելով իրեն ուղղել թեմայից դուրս հարցեր:
168.am–ը Հայկ Կոնջորյանին հարցրեց՝ թշնամու կողմից անցակետ տեղադրած տարածքը համարո՞ւմ է ՀՀ սուվերեն տարածք, որին նա կրկին հստակ պատասխան չտվեց:
«Ես նորից նշում եմ այս պահին ստեղծված իրավիճակի մասով ձեր բոլոր մեկնաբանություն ստանալու փորձերը…. Ես հիմա հանդես եմ գալիս՝ որպես ՔՊ խմբակցության ղեկավար, այլ ոչ թե հայտնում եմ իմ անձնական տեսակետը, որը համընկնում է մեր քաղաքական թիմի դիրքորոշումներին: Որպես իշխող խմբակցության ղեկավար և որպես Հայկ Կոնջորյան՝ հիշեցնում եմ, որ այս պահից ԱԱԾ տարածած հաղորդագրությունից դուրս ես մեկնաբանություն չունեմ»,- նշեց իշխանական պատգամավորը:
Այդպես էլ Հայկ Կոնջորյանը հստակ չասաց՝ Որոտանի այդ հատվածը համարո՞ւմ է ՀՀ սուվերեն տարածք, թե՞ ոչ: