«Եթե իրանական բեռնատարները գալիս են Հայաստան և ճանապարհին ստուգման են ենթարկվում՝ խնդիր է». Բաբկեն Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Սյունիքում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումը, որտեղ իրանական բեռնատարներից տուրքեր են գանձում, տնտեսության հետ կապելը մի քիչ դժվար է:
«Նախ՝ ես պետք է հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, սա այն թեման է, որտեղ որ պետք է բավարար ինֆորմացիա ունենալ, հստակ գնահատականներ տալու համար: Այս պահին ես ավելին չգիտեմ, քան հրապարակված է այն, ինչին ես եմ տեղյակ, այնքանով նաև դուք եք տեղեկացված: Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև սա ամեն դեպքում անհարմարություն է, երբ Իրանին կապող միակ ճանապարհի հետ նման խնդիրներ կան: Բնականաբար, եթե իրանական բեռնատարները գալիս են Հայաստան և ճանապարհին ստուգման են ենթարկվում, դա խնդիր է, բայց էլի եմ ասում, եկեք սպասենք, տեսնենք հարցն ինչպես կկարգավորվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:
Հարցին՝ շաբաթ օրվանից այս խնդրի մասին բարձրաձայնվել է, չի՞ փորձել պատգամավորը պարզել՝ ինչ է կատարվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ եթե իմանա, որ իր հետաքրքրվելն ամեն օր կամ ամեն ժամ արագացնելու է իրավիճակը, բնականաբար կանի: Սակայն սա այն պահն է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:
«Կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակը դա է, որ թողնենք ամեն մեկն իր գործով զբաղվի, ինչի համար ինքը պատասխանատու է»,- շեշտեց նա:
Այն, որ ԱԱԾ-ն Որոտանի այդ հատվածն անվանել է ադրբեջանական անունով, Բաբկեն Թունյանը կարծում է, որ ԱԱԾ-ն դրա պատասխանը կունենա:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա Բաբկեն Թունյանը նշեց, որ, բնականաբար, որևէ մեկը չի կարող մտահոգություն չունենալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում