Էկոնոմիկայի նախարարության խոստումը՝ Արարատի խաղողագործներին
Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հերթական հանդիպումը նախորդ շաբաթ Երևան-Երասխ ավտոճանապարհը փակած խաղողագործների, մարզպետարանի ներկայացուցիչների և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, սեպտեմբերի 10-ին կայացած հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցեցին հանդիպման մասնակիցները, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները խնդրել էին խաղողագործներին մինչև սեպտեմբերի 11-ն առավոտյան ժամը 10:00-ն որևէ քայլ չկատարել, ճանապարհ չփակել՝ պայմանով, որ հաջորդ օրն այդ ժամին խաղողագործները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի լուծումները, մասնավորապես՝ նախարարությունը կներկայացնի, թե ինչ գնով է և որ գործարաններն են մթերելու խաղողը, և ինչպես է իրականացվելու գործընթացը:
Շաբաթ օրը կայացած Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին խաղողագործները 168.am-ին փոխանցեցին, որ նախարարության ներկայացուցիչները խաղողագործներին նախ հայտնել են, որ բոլոր գործարանները պատրաստ են խաղող մթերել, ապա խոստացել են այնպես անել, որ խաղող մթերող գործարանները 1 կգ խաղողի համար վճարեն 130 դրամ, ու կառավարությանը ներկայացնել մի նախագիծ, համաձայն որի՝ պետությունը յուրաքանչյուր խաղողագործի մթերման հանձնած խաղողի 1 կգ-ի համար կվճարի ևս 10 դրամ: Կստացվի, որ խաղողագործները խաղողը մթերման կհանձնեն 140 դրամով:
Նախարարության ներկայացուցիչներն Արարատի մարզի խաղողագործներից այս հանդիպման ընթացքում կրկին ժամանակ են խնդրել՝ մինչև երեքշաբթի: Ինչպես մեզ փոխանցեցին խաղողագործները՝ նախարարության ներկայացուցիչները վստահեցրել են հենց երեքշաբթի ներկայացնել այն նախագիծը, համաձայն որի՝ պետությունը խաղողագործներին մթերման ենթակա խաղողի 1կգ-ի համար կվճարի 10 դրամ:
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է՝ ինչ հանրապետության մի քանի մարզում խաղողագործները փակում են տարբեր ավտոճանապարհներ՝ ի նշան բողոքի: Խաղողագործների համար դեռ պարզ չէ, թե այս տարի ինչպես են իրականացնելու խաղողի մթերումը, ինչ գնով: Խաղողագործներն ակցիաների ժամանակ հաճախ հիշում են նախորդ տարին, երբ գործարանների մոտ մթերողներն արհեստական հերթեր էին առաջացնում, որպեսզի քաղած խաղողն արևի տակ 1-2 օր մնալուց փչանար, և խաղողագործները ստիպված լինեին համաձայնել 1կգ խաղողը մթերման հանձնել 80-90 դրամով: