Բաժիններ՝

Ուրիշ տեղ չենք ուզում գնալ, այստեղ արդեն սովորել ենք. բացօթյա ապօրինի առևտուր անողներն անդրդվելի են

Քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներն ամեն անգամ փողոցում վաճառվող ապրանքը տեղափոխում են մայթերից, զգուշացնում, որ կարող են այս ամենը տեղավորել տարբեր շուկաներում՝ նաև իրենց ուղեկցությամբ, սակայն ապարդյուն. ժամեր կամ մեկ օր անց կրկին նույն տեղում են հայտնվում վաճառողն ու իր ապրանքը:

«Հենց տեսնում ենք, որ գալիս են՝ գնում ենք մի չերևացող տեղ՝ լինի շքամուտք թե բակ, մինչև հեռանում են թաղապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակիցները: Ուրիշ տեղ չենք ուզում գնալ, այստեղ արդեն սովորել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնական փողոցներից մեկում իր այգու բարիքները վաճառողներից մեկը:

Նրա փոխանցմամբ՝ իրենց գնորդները թե՛ տեղացիներն են, թե՛ արտասահմանցիները:

«Իմ այգու արդար միրգն ու բանջարեղենն եմ վաճառում. ոչ սրսկած է, ոչ էլ անպետք պարարտանյութով աճեցրած: Մեր պարարտանյութը գոմաղբն է, սելիտրան: Մեղքս ինչ թաքցնեմ, բանջարեղենի խանութներում առկա գներից մերը որոշ չափով տատանվում է. Դեղձը, օրինակ, խանութում 500 դրամ է, մեզ մոտ՝ 700-1000: Խնձորը՝ 250-300 դրամի փոխարեն՝ 500: Անցորդներին հաճախ գինը չի հետաքրքրում, այլ առողջ մթերքը, դրա համար էլ նախընտրում են մեզնից գնել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Երևանի քաղաքապետարանի վերջին հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 26-ին ստուգայցերի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանության աջակցությամբ մայթերն ազատել էին վաճառվող ապրանքներից, դրանք տեղափոխել վարչական շրջանի շենք:

«Մայթերից վերցնում, բերում ենք, եթե մարդ կա, որ անձնագրով գալիս, ասում է` իմ սեփականությունն է, ապա համապատասխան արձանագրությունը կազմվում է, և տվյալ անձնավորությունը տուգանվում է: Շատ դեպքերում ասում են՝ եթե տուգանք կա՝ չենք վերցնում ապրանքը: Երևի եկամուտն այնքան շատ է, որ այսքան գումար կորցնելը խնդիր չէ իրենց համար»,- նշել էր Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնականապես լուծվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս