Հոկտեմբերի 15-ից պահեստազորի վարժական հավաքներում կներառվեն նաև պահեստազորի բժիշկները
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր 168.am-ը, ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին անցկացվելու են 3-ամսյա վարժական հավաքներ: Հավաքներում ներառված են լինելու պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ: Կառավարության որոշմամբ՝ վարժական հավաքներին պետք է ներգրավվեր 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:
Պաշտպանության նախարարությունը կառավարության հիշյալ որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծ է հրապարակել, համաձայն որի՝ նախատեսվում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ 2 ամիս ժամկետով:
Ըստ որոշման՝ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ բժշկական մասնագիտություններով մինչև 24 սպայական կազմի պահեստազորային կմասնակցի վարժական հավաքներին:
Որոշման նախագծի ընդունումը պաշտպանական գերատեսչությունը պայմանավորում է «պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների ռազմական և մասնագիտական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»:
Հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը 2021թ. պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում որևէ փոփոխության չի հանգեցնում: