Մասնագետները զրույց-քննարկմամբ կանդրադառնան Կոմիտասի ստեղծագործական կյանքին
Արվեստի ոլորտի ներկայացուցիչները Կոմիտաս վարդապետի Պոլիսում անցկացրած շրջանին կանդրադառնան զրույց-քննարկմամբ՝ փորձելով բացահայտել Կոմիտասի կյանքի հետաքրքիր էջերը:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Դարան» գրախանութում: Այն կվարի գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
Երեկոյին երաժշտագետ Արմինէ Գրիգորեանն էլ իր հեղինակած «Թերթապատում․ Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» (խմբագիր` Գուրգեն Գասպարյան) գրքի ուսումնասիրությունից կներկայացնի բացահայտումներ և տեղեկություններ, որոնք նոր հարցադրումներ են առաջացնում Կոմիտասի գործունեության վերաբերյալ։
«Թերթապատում․ Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» գիրքն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։
Ստեղծագործության մեջ ներառված են 1910-1911թթ․ գործող «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի Էֆքեար», «Դաշինք», «Լուսաբեր-Արեւ» թերթերում, «Տաճար» շաբաթաթերթում, «Շանթ» և «Ոստան» պարբերաթերթերում Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ տեղ գտած հոդվածներն ու հրապարակումները:
Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականն այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցներ: