Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը
Մեր կյանքի ընթացքում երբեք մեղքի հանդեպ կատարյալ հաղթանակի չենք հասնում, սակայն դրա դեմ մեր պայքարը երբեք չի մարում:
Որոշ մարդիկ մեղքեր են գործում, քանի որ անտեղյակ են Աստծու պահանջներին, թեպետ դա չի արդարացնում նրանց, սակայն Աստվածաշունչը տարբերում է այդպիսի մեղքերը գիտակցաբար գործած մեղքերից, երբ մարդը միտումնավոր կերպով խախտում է Աստծու օրենքները: Այնուամենայնիվ, մեր մեղքերը վերացնելու միակ միջոցը Աստծուն աղոթելն է: Ուղղակիորեն խնդրենք Նրանից իր ներողամտությունը և պարտավորվենք, որ այլևս չենք կրկնի այդ սխալները: Մեղքի դեմ պայքարելու համար Աստված մեզ Իր Սուրբ Հոգին է տվել, որպեսզի մենք կարողանանք ապրել քրիստոնեական մաքուր կյանքով՝ փորձելով նմանվել հենց Իրեն:
Միաժամանակ Աստվածաշունչը, մեզ սովորեցնում է, որ Աստված Իր Խոսքը տվել է, որպեսզի մեզ զորացնի ամեն բարի գործ կատարելու համար: Այն ուսուցանում է, թե ինչպես ապրել և ինչին հավատալ, օգնում է հասկանալ ու տեսնել սխալ ճանապարհի մեր ընտրությունը, օգնում է վերադառնալ ճիշտ ուղու վրա և մնալ դրանում։ Աստվածաշնչում ասվում է. «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկրային սուր. և կտրում անցնում է մինչև հոգու, հոդերի և ողնուծուծի բաժանման սահմանը» (Եբրայեցիս 4․12)։
Երբեմն մեղքի դեմ հաղթանակն արագ է տեղի ունենում։ Իսկ երբեմն էլ դրա համար երկար ժամանակ է պահանջվում։ Սակայն, Աստված խոստացել է, որ եթե մենք օգտվենք Նրա ընձեռած օգնություններից, ապա Նա ավելի ու ավելի մեծ փոփոխություններ կիրագործի մեր կյանքում։ Ու միայն այս դեպքում մենք կարող ենք հարատևել մեղքի դեմ մեր պայքարների մեջ, քանի որ գիտենք, որ Աստված հավատարիմ է Իր խոստմանը։