
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:
Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն է հայտնել Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է փաստերի հիման վրա բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին: