Այս վիճակում գտնվող երկրում գունագեղ շոուով անկախության օր նշելն արժանապատվության վերականգնո՞ւմ է, թե՞ թշնամու առաջ նվաստացում. Գեղամ Նազարյան
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեռ չի անցել մեկ տարի, դեռ հարյուրավոր ծնողներ փնտրում են իրենց երեխաների մարմինները, սրան գումարած, եկեք պատկերացնենք այն ընտանիքների հոգեվիճակը, որոնք իրենց զավակներին հանձնել են հողին, կամ որոնց զավակները գերի են Ադրբեջանում, և այս իրավիճակում, երբ իշխանությունը խոսում է գունագեղ տոնական շոուի մասին, հարց է առաջանում՝ գունագեղ տոնի կողմնակիցների դեպքում մենք գործ ունենք դիտավորությա՞ն, թե՞ անմեղսունակության հետ. թեև երկու դեպքում էլ, խոշոր հաշվով, գործ ունենք սարսափելի իրականության հետ։
168 TV-ի եթերում այսպես բնորոշեց ու գնահատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Նիկոլ Փաշինյանի վերջերս Կառավարության նիստում հրապարակած հայտարարությունը՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 30-ամյակը գունագեղ և լայնամասշտաբ միջոցառումներով տոնելու մասին:
«Երկու միլիոն դոլար ծախսելու են, որ մեր զոհերի, մեր հերոս տղերքի հիշատակն անարգեն. նրանք, ովքեր պատրաստվում են երգել և պարել, նրանք կանգնելու են մեր երեխեքի արյան վրա, թպրտան և ծղրտան։ Թող որևէ մեկը չասի, թե հիշատակ են հարգելու։ Եթե հիշատակ էին հարգում, թող հնչի Բախ, Մոցարտ, թող կաթողիկոսին կանչեն, որ աղոթք կարդա, կամ հրավիրեն այն տղերքին, որոնք, եթե չլինեին, Մեհրիբանը մուղամը կլսեր ոչ միայն Շուշիում, այլ նաև Երևանում՝ Հյուսիսային պողոտայում։ Հիմա միայն թշնամին կարող է ասել, որ տոնում է մեր զոհվելը։ Ինչն եք տոնում՝ Շուշիի հանձնումը»,- ասաց Նազարյանը։
Դիտարկմանը՝ անկախության 30-րդ տարեդարձը փաշինյանական ձևաչափով տոնելու ջատագովներն էլ պնդում են, որ, այո՛, պետք է անկախության տոն նշել, որովհետև հայ ազգի համար դարեր շարունակ երազանք է եղել անկախություն ունենալը, Գեղամ Նազարյանը պատասխանեց.
«Մեր պետական տոներից ամենագլխավորը, այո՛, սեպտեմբերի 21-ն է, որը պետք է նշվի արժանապատվորեն, բայց գունագեղ շոուով այս վիճակում գտնվող երկրում անկախության օր չեն նշում։ Իհա՛րկե, կյանքը շարունակվում է, բայց դրա տակ ի՞նչ եք հասկանում՝ մեր արժանապատվության վերականգնո՞ւմը, թե՞ թշնամու առաջ չոքելն ու նվաստանալը»։
Ըստ պատգամավորի՝ քանի որ գործող վարչախմբի մնալու հենքը բարոյալքված հասարակությունն է, ոստի հիմա իրենք փորձում են քարոզել անբարոյականություն ու ցինիզմ, և որքան հնարավոր է՝ ավելի շատ մարդու բարոյալքեն։
«Տեսե՛ք, եթե չուզենային, որ տարածվեր Ալեն Սիմոնյանի ու Հրաչի մանկական պարը՝ հունական կղզում, չէր տարածվի այդ տեսանյութը։ Իրենք դա տարածում են հատուկ, որովհետև փորձում են քարոզել անբարոյականություն և ցինիզմ։ Նրանց հենքն այն հանրությունն է, որը պարում է, երբ հարևանությամբ հուղարկավորություն է։ Խրախճանք է ժանտախտի ժամին՝ սա է,- ասաց պատգամավորը՝ հավելելով,- Հասարակությանը բարոյալքելով՝ Ադրբեջանին և Թուրքիային ցույց են տալիս նաև, որ Հայաստանում դուք դիմադրության չեք արժանանա, եկե՛ք և Հայաստանը վերածեք վիլայեթի»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Ամփոփելով՝ Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց՝ լավ, ենթադրենք՝ Կառավարությունը որոշում է գունագեղ տոն կազմակերպել, բայց չէ՞ որ երգող-պարողները հայեր են լինելու, հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս են նրանք դա անելու։
«Կամ զինվորներին քայլեցնելու են հրապարակում, իսկ այդ զինվորները չեն ասի, որ իրենց ընկերների արյան վրայով չեն ուզում քայլել։ Լավ, բա մեր տղերքն իրենց կյանքն են տվել, հիմա մյուսները կարո՞ղ են մի դեմ քայլ անել, չէ՞ որ Նիկոլը վերցրել է փայտն ու խառնում է զինվոր կորցրած մամաների ներսը։ Դրա համար ասում եմ՝ այստեղ դատվելու եք, բայց ամենադաժանը լինելու է այն ժամանակ, երբ զոհված տղաները ձեզ դատեն՝ երկնքում։ Այս սրբապղծությունը չեք մարսելու»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում