Հայաստանում ներկրված մեքնաների գները տատանվում են 6000-10.000 դոլարի սահմաններում. ովքե՞ր են գնորդները
Հայաստանում ներկրված մեքենաները, որոնք մեկ տարուց ավելի մնացին մայթեզրերին կամ ավտոշուկայում, քիչ-քիչ գտնում են իրենց սեփականատերերին:
Ավտոներկրողների փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում նոր սկսել են վաճառել ներկրված այս մեքենաները, անգամ փորձ են անում հիմնականում Եվրոպայից ներկրել նորերը:
«Մեքենաները վաճառվում են, բայց ոչ առաջվա տեմպով: Գնորդները, կարելի է ասել, հիմնականում ռուսներն են, ղազախները, ինչպես նաև հայերը: Չնայած այս ամենին՝ մեքենաները հայկական շուկայի համար շատ են: Ասենք՝ հայերը, որ նոր մեքենա են գնում, հինը վաճառում են, չէ՞: Դրա համար շուկայում շատ են մեքենաները: Անցած տարի շատ քիչ է վաճառվել, այս տարի է մի քիչ աշխուժացել շուկան»,- մեզ հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ ավտոշուկայում այս պահին առկա են Եվրոպայից, ԱՄՆ-ից բերված մեքենաները:
«Հիմա այս նոր մեքենաները Ճապոնիայից չեն բերվում, քանի որ աջ ղեկ են, արգելվում է ներկրել, բացի դրանից՝ մեքենաները պետք է լինեն 3-5 տարեկան, որ մաքսատուրքերը գոնե մի քիչ հարմար լինեն: Ճապոնական նոր մեքենաներն այս պահին ավելի թանկ են, քան ԱՄՆ-ից, Կանադայից բերվածները: Դրա համար հիմա ԱՄՆ-ից ենք ավելի շատ բերում: Գները տատանվում են 6000-10.000 դոլարի սահմաններում: Դրանից բարձր արժեն այս տարի բերված ավտոմեքենաները:
Մեքենան այստեղից հաշվառումից հանում են, տանում են ԵԱՏՄ երկրներ: Ինչ վերաբերում է հայկական համարանիշով մեքենաներին, ապա դրանք արդեն 10.000-11.000 դոլար արժեք ունեցող մեքենաներ են: Բայց բիզնեսը, կարելի է ասել՝ մահանալու շեմին է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը հայտնել էր, որ վաճառվող ավտոմեքենաների գները 10 տոկոսով նվազել են, բացարձակ չի վաճառվում, առևտուր չկա։ Հույսները միայն այն է, որ արտակարգ դրությունից հետո գան, գնեն։ Միակ լավ բանն այն է, որ բանկերը մեծ մասամբ դադարեցրել են վարկի տոկոսները պահանջել:
«Սահմանները փակ են, ԵԱՏՄ-ից գնորդներ չեն գալիս։ Առաջին հերթին՝ այս կորոնավիրուսից պետք է ազատվենք։ Ոչ ոք չի աշխատում, ու հայտնի չէ, թե ինչքան կտևի այս համատարած գործազրկությունը»,- նշել էր նա։
Ավտոներկրողները հայտնել էին, որ 7 տեղանոց մեքենաների հարցն է բարդ, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:
«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- նշել էին նրանք: