«168 Ժամը» 17 տարեկան է
2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։
Անցած 17 տարիների ընթացքում սկզբում՝ միայն թերթի, ապա՝ նաև www.168.am կայքի միջոցով մենք փորձել ենք ընթերցողին հասցնել հնարավորինս օպերատիվ, անաչառ ու բազմակողմանի տեղեկատվություն։ Այս ամբողջ ժամանակահատվածում «168 Ժամ»-ը և նրա աշխատակազմի բոլոր ներկայացուցիչներն անցել են ամենատարբեր փորձությունների ու դժվարությունների միջով, հաղթահարել են անհաղթահարելի թվացող շատ մարտահրավերներ, որոնց պակասը չի զգացվում նաև ու հատկապես այսօր՝ այս խառնակ ժամանակներում։
Բայց անկախ բոլոր դժվարություններից, մենք փորձել ենք հավատարիմ մնալ ընթերցողին հավաստի ու բազմակողմանի տեղեկատվություն հաղորդելու մեր առաքելությանը, որը գուցե ոչ միշտ է հաջողվել կատարել կատարելապես։
Այդուհանդերձ ընթերցողի հետ ազնիվ լինելու հավատամքը մեզ ստիպել ու պարտավորեցնում է շարունակել նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու կարևորագույն իրավունքի իրացմանը։
«168 Ժամ» թերթը հիմնադրվել է փոքր թվով էնտուզիաստների կողմից, կայացել է մեծ թվով պրոֆեսիոնալների մասնակցության ու նվիրումի արդյունքում և շարունակելու է գործել իր հավատարիմ ընթերցողների վստահության շնորհիվ։
Շնորհակալ ենք «168 Ժամ»-ի ընթերցողը լինելու համար։
Հ.Գ. Լուսանկարում մեր ավագ գործընկեր ու երջանկահիշատակ լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանն է, ով առաջին համարի լույսընծայման օրն իր ուրույն ձևով շնորհավորեց մեզ: