Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում։
«Սա իսկապես դարի նախագիծ է որովհետեւ տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարեւոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինըկիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:
Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:
«Սա ամենամեծ թունելն է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում է ինը կիլոմետր եւ իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,-նշել է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին եւ շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:
Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի եւ ինըկիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:
Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի է, իսկ դա ապահովում է անվտանգ շինարարական գործընթաց եւ նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաեւ տարբերվում է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում է նաեւ պատերի երեսպատում, հաղորդել է Sputnik-ը: