Սասուն Խաչատրյանը՝ աղջկա հարսանիքին 4,3 միլիոն դրամ նվեր տալու մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ ասաց, որ վերջինի հայտնած տեղեկություններով՝ հայրը 2016 թվականին ստեղծել է «Մհեր Խաչատրյան և ընկերներ» ՍՊԸ-ն, որտեղ 2016-17 թվականներին ինքն աշխատել է որպես տնօրեն, իսկ 2017 թվականի հուլիսից Դատախուզությունում աշխատանքի ընդունվելուց հետո դադարեցրել է իր գործունեությունը։

««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարումներ անելու որոնումը որևէ տվյալ չգտավ թե Ձեր մասով, 2017 թվականի հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում արած վճարում չգտնվեց։ «Մհեր Խաչատրյան և ընկերներ» ՍՊԸ-ի մասով էլ վճարումներ չգտնվեցին, ինչո՞վ սա կբացատրեք»,- հետաքրքրվեց Դանիել Իոաննիսյանը։

Պատասխանելով՝ Սասուն Խաչատրյանը նշեց՝ եթե չի սխալվում, այդ ընթացքում նշված ընկերության կողմից վճարովի ծառայություններ չեն իրականացվել։

«Տնօրենը հայրս էր, հետո վատառողջ էր, չենք աշխատել»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Դանիել Իոաննիսյանը ՀՔԾ գործող պետից նաև հետաքրքրվեց  դստերը տրված մոտ  4,3 մլն դրամի նվերի ծագման մանրամասների մասին։

«Ընդ որում, նվիրատուների մեջ էր նաև Տիգրան Գևորգյանը, ում ձեր կինը 2018 թվականին նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Այս ամենը մի քիչ կմանրամասնե՞ք»։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու ՀՔԾ գործող պետն այսպես պատասխանեց.

«Աղջիկս նախորդ տարի ամուսանցել է և իր ամուսնության կապակցությամբ  նորապսակները երկու կողմի բարեկամներից նվեր են ստացել գումարի տեսքով, 4,3 միլիոն դրամն այն գումարը չէ, որը չէին կարող ստանալ որպես հարսանեկան նվեր երկու կողմի ազգականների և ընկերների կողմից»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս