Ինչո՞ւ են լարվել Կարեն Անդրեասյանի և Գագիկ Ջհանգիրյանի հարաբերությունները

168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8–ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումների խնդրով հերթական քննարկումն է կազմակերպել, որին ներկա է գտնվել մասնակիցների լայն շրջանակ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող անձինք, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբան մասնագետներ, փաստաբաններ:

Ընդհանուր բնույթի քննարկում է եղել՝ ըստ էության ոչինչ չասող արդյունքով: Ենթադրաբար այս քննարկումները տարբեր շրջանակների հետ դեռ կշարունակվեն, որ հետո Անդրեասյանը կարողանա ասել՝ ինքը հանդիպել է բոլոր կողմերի հետ, և կա կոնսենսուս: Կապ չունի՝ ինչի վերաբերյալ:

Արդարադատության նախարարի համար, սակայն, սահմանադրական «բարեփոխումները» գլուխ բերելը միակ խնդիրը չէ:

Սեպտեմբերի 2-ին Հանրայինի «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցից հետո Կարեն Անդրեասյանը խնդիր ունի դատական համակարգի հետ հարաբերությունները կարգավորելու:

168.am-ը մանրամասնորեն անդրադարձել է այդ հարցազրույցին, վեր հանել նախարարի աղմկահարույց արտահայտությունները «քաղաքականացված» դատավորների, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) արդարադատության նախարարության կողմից բերված կարգապահական վարույթների միջնորդությունների ու դրանց՝ մեկը մյուսի ջարդվելու ու այդ առնչությամբ նրա դժգոհության, իր նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ու այլ ուշագրավ մտքերի վերաբերյալ:

Այդ հարցազրույցից հետո, մեր տեղեկություններով, լարվել են ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ առանց այդ էլ ոչ այնքան հարթ հարաբերությունները:

Եվ թեպետ այդ հարցազրույցի ընթացքում արդարադատության նախարարը ժամանակ առ ժամանակ փորձում էր հաճոյախոսել Գագիկ Ջհանգիրյանին, ակնհայտ էր, որ այն, թե ինչպես նախարարն «անցավ» դատական համակարգի վրայով ու ըստ էության նվաստացրեց նրան, չէր մարսվելու համակարգի գլխին այս պահին դե ֆակտո կանգնած Գագիկ Ջհանգիրյանի կողմից: Ի վերջո, 280 դատավորներ այս պահին նրան են նայում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը շատ ծանր հեռախոսազրույց է ունեցել Կարեն Անդրեասյանի հետ՝ նրան հորդորելով հետայսու ներկա գտնվել բոլոր կարգապահական վարույթներին, որ անձամբ համոզվի, թե ինչ անգրագետ միջնորդություններ են բերվում արդարադատության նախարարի կողմից, ու ինչու են դրանք ԲԴԽ-ի կողմից մեկը մյուսի հետևից մերժվում:

Ի վերջո, այդ վարույթները հրապարակային են լինում, միջնորդությունների քննությանը ներկա են գտնվում դատավորներ, փաստաբաններ, լրագրողներ, նիստը հեռարձակվում է, և բոլորը կարող են կարծիք կազմել արդարադատության նախարարության կողմից բերված միջնորդությունների որակի վերաբերյալ:

Պարզ է, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ի հաշվին իր դիրքերն ամրապնդելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և Գագիկ Ջհանգիրյանը դժվար թույլ տա վերջինիս կայանալ իր հաշվին:

Եվ որքան էլ Կարեն Անդրեասյանը հայտարարի, թե ներկայումս կարգապահական վարույթների միջնորդությունների վրա նախարարության լավագույն իրավաբաններն են աշխատում՝ դրանով իսկ փորձելով կաշկանդել ԲԴԽ-ին, հազիվ թե ԲԴԽ-ում դրան ուշադրություն դարձնեն:

Իրականում յուրաքանչյուր պաշտոնատար անձ նախ ինքը պետք է հետևի վարքագծի կանոններին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես քաղաքական իշխանության ներկայացուցչին, այլ արդարադատության նախարարին, քանի որ հենց ինքը պետք է լինի արդարադատության նկատմամբ վստահության ու դատական համակարգի հեղինակության բարձրացման առաջին ջատագովը:

Բայց, փաստորեն, ունենք իրավիճակ, երբ բոլորովին վերջերս արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված անձը խախտում է վարքագծի կանոններ, օգտագործում բառամթերք, որը որևէ կերպ հարիր չէ արդարադատության ոլորտը համակարգողին:

Եվ երբ արդարադատության նախարարը քաղաքականացված դատավորների թիվ է հնչեցնում, անում հայտարարություններ, որոնք որևէ կերպ չի հիմնավորում՝ ոչ փաստերով և ոչ անուններով, դա չի կարող խոսել իր անաչառության ու հատկապես դատական համակարգի առողջացման իր նախանձախնդրության մասին: Ավելին, դա հանգեցնելու է իր նկատմամբ դատական համակարգի կողմից ատելության ձևավորմանը:

Բացի դրանից, մեղմ ասած՝ տխուր է, երբ արդարադատության նախարարը հարցազրույց է տալիս ու խախտում մի շարք անմեղության կանխավարկածներ, խոսում դատավորից՝ ըստ էության պնդելով, որ խախտումը կար, բայց դատավորն ազատվեց պատասխանատվությունից. սա անմեղության կանխավարկածի դասական խախտում է, առավել ևս, որ այդ վարույթը կարճված է:

Կամ հետաքրքիր է, երբ արդարադատության նախարարը գլուխ է գովում, որ դատավորներ կան, որոնք կայացնում են ակտեր, որոնք կարող են իրենց քաղաքական ուժին դուր չգալ, չի՞ մտածում, որ մտածող մարդկանց մոտ համոզմունք կարող է ձևավորել առ այն, որ իրենց քաղաքական ուժը խիստ ուշադրության տակ է պահում ցանկացած դատական ակտ:

Իսկ երբ հայտարարում է՝ «իսկապես խախտումներ թույլ տվող դատավորները պետք է դուրս մղվեն համակարգից, և ես դա փորձելու եմ անել իմ ամբողջ ներուժով՝ թե՛ նախարարական, և թե՛ անձնական»», ի՞նչ նկատի ունի Կարեն Անդրեասյանը՝ անձնական ներուժը ո՞րն է…

Ընդհանրապես ընդունված է, որ արդարադատության նախարարն իր խոսքի արժեքն իմանալու, գնահատելու, հավասարակշիռ պահվածքի օրինակ պետք է լինի: Բայց ցավալիորեն այս դեպքում գործ ունենք մի մարդու հետ, ով եկած-չեկած՝ դատարկ տեղը մեղադրանքներ է հնչեցնում ու սպառնալիքներ տեղում, փոխանակ նախ խոսի այն օրենսդրական փոփոխություններից, որոնք կթեթևացնեն դատավորների ծանրաբեռնվածությունն ու կառողջացնեն դատական համակարգն առհասարակ:

Տպավորություն է, որ արդարադատության նախարարը որևէ բանով չի տարբերվում Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից ելույթ ունեցող իշխանական պատգամավորներից, որոնց՝ դատական համակարգի վերաբերյալ ողջ հետաքրքրությունը սահմանափակվում է սոսկ այն դատավորների վրա լուտանքներ թափելով, ովքեր իրենց քաղաքական թիմի քիմքին հարիր ակտեր չեն կայացնում:

Տեսանյութեր

Լրահոս