Բաժիններ՝

Ես ակնկալում էի, որ որոշումը փոխված կլինի, բայց սխալվեցի. Սամսոն Ստեփանյանը՝ թատրոնների միավորման մասին

Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Նման որոշում է կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով․ «Թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։

Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը:

Գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով»:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ ցնցված են որոշումից, կարծում էին, թե ինչ-որ բան փոխված կլիներ:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն էլ նշեց. «Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել»:

Հարցին՝ ակնկալո՞ւմ էր, որ թատոնները միավորելու որոշումը փոխված կլիներ, գլխավոր ռեժիսորը պատասխանեց. «Ես ակնկալում էի, բայց սխալվեցի»:

Ինչ վերաբերում է որևէ քայլ ձեռնարկելուն՝ Սամսոն Ստեփանյանն ասաց. «Անձամբ ես առայժմ որևէ բան չեմ ձեռնարկելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս