Բլինկենը հորդորել է «Թալիբան»-ին թույլատրել չարթերային թռիչքների իրականացումը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժմանը թույլատրել իրականացնել չարթերային թռիչքներ, որոնց միջոցով այդ երկիրը կլքեն ամերիկացիներն ու ռիսկի գոտում գտնվող աֆղանստանցիները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աֆղանստանում մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում թռիչքներ իրականացնել Մազար-ի-Շարիֆ միջազգային օդանավակայանից: Թռիչքների որոշ կազմակերպիչներ հայտնել են, թե պետդեպը բավարար քայլեր չի ձեռնարկում թռիչքները հնարավոր դարձնելու համար:
Ի պատասխան, Գերմանիայում գտնվող Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի ինքնաթիռները թռիչքներ իրականացնեն, սակայն դրան խոչընդոտում է «Թալիբան»-ը:
«Մենք հստակ ասել ենք բոլոր կողմերին, ինչպես նաև «Թալիբան»-ին, որ այս թռիչքները պետք է իրականանան»,- ասել է պետդեպի ղեկավարը հրավիրված ասուլիսի ժամանակ: