Շուշիում վիրավորված, ամիսներ անց ավտովթարի զոհ դարձած Էմիլ Թամոյանն այսօր կդառնար 36 տարեկան
Էմիլ Թամոյանը Գյումրիից էր, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում, պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվել և մեկնել էր Արցախ՝ մարտի դաշտ։
«Միշտ զանգում հույս էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, երեխաներին, ծնողներիս լավ կնայես, անպայման կվերադառնամ։ Վերջին անգամ Էմիլի հետ խոսել եմ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 10։00-ին, էլի ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մենք լավ ենք․․․»,- 168.am–ի հետ զրույցում պատմեց Էմիլ Թամոյանի կինը՝ Գայանե Թամոյանը, ապա հավելեց, որ այդ հեռախոսազրույցից ժամեր անց թշնամին ռմբակոծել է Շուշիի մշակույթի տունը, որտեղ այդ պահին Գյումրիից կամավոր մեկնած ոստիկաններն են եղել։
Ռմբակոծության հետևանքով Էմիլը կորցրել էր աջ ձեռքը, այդուհանդերձ նրան կարողացել էին դուրս բերել Շուշիից։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև Երևան։ Այս մասին կնոջը հենց ինքը՝ Էմիլն էր պատմել․
«Ասում էր՝ այդ մխի-ծխի մեջ ձայն էի տալիս, որ ինձ օգնեն, ասում էր՝ արդեն գիտակցությունս կորում էր։ Ասում էր՝ վերջին պահերին սպիտակ շողք էր մտել ներս, աղջիկս էր՝ հարսի շորերով, ասեց՝ պապ, արի տուն, մենք սպասում ենք քեզ։ Ասում էր՝ այդ պահին ոնց որ աղջիկս ինձ ուժ տվեց․․․»։
Պատերազմի դաշտից վերադառնալուց հետո Էմիլը կյանքին լրիվ այլ աչքերով էր նայում, չէր սիրում, որ պատերազմի մասին էին խոսում, առավելևս պատերազմի մասին հարցեր տալ․
«Սկսել էր ավելի ուրախ նայել կյանքին, ամեն պահն ուզում էր երեխաների հետ վայելել, ոչ մի րոպե մեր կողքից հեռու չէր գնում, շատ էր դեմ ընկնում իր զոհված ընկերների համար․․․»։
Էմիլն արդեն կազդուրվում էր, անգամ աշխատանքի էր գնում, ոստիկանությունը հնարավորություն էր տվել մնալ և աշխատել համակարգում։ Պատրաստվում էր պրոթեզավորման, սակայն 2021 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը անավարտ թողեց բոլոր ծրագրերն ու նպատակները։
«Հենց հունվարի 30-ի առավոտյան շատ ուրախ տնից դուրս էր եկել, Երևան-Թալին ավտոճանապարհին ավտովթարի զոհ է դարձել։ Պրոթեզավորման էր գնում, որպես ոստիկանության աշխատող՝ առաջինը հենց իրեն էին պրոթեզավորելու․․․»։
Էմիլն ու Գայանեն 2010 թվականին էին ամուսնացել, 3 անչափահաս երեխա ունեն։ Հոր բոլոր երազանքները կապված էին երեխաների ապագայի հետ․
«Մեծ որդիս 10 տարեկան է, ուզում էր իր պապայի գործը շարունակեր, ասում էր՝ պապա, գիտես, ոստիկան պետք է դառնամ, իրար հետ ոստիկանի շոր հագնենք ու դուրս գանք տնից։ Աղջիկս 6 տարեկան է, ուզում էր երգչուհի դառնար, ասում էր՝ պապա, քեզ համար միշտ երգելու եմ․․․ Այսօր հոր շիրիմին երգեց․․․ Իսկ փոքր տղան 2.5 տարեկան է, որ հարց ենք տալիս, ասում է՝ պապաս Աստված պապիկի մոտ է, պապաս հերոսների մոտ է»։
Էմիլ Թամոյանը հուղարկավորվել է Շիրակի մարզի Ազատան համայնքի պանթեոնում։