«Կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարադրել էր այն նվաստացուցիչ ու պետականակործան նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման դիմաց (մանրամասն այստեղ անդրադարձել եմ)։

Իսկ այսօր Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը կառավարության նիստում Էրդողանի խոսքերն, ըստ էության, դրական որակեց՝ պնդելով, որ դրանցում տեսնում է «հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։

Շտապեմ ասել, որ թուրքական կողմում հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խոսք չկա, այլև չկա անհրաժեշտություն այն գործարկելու։ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան (կից քարտեզում երևում է այդ նոր երթուղին)։

Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»։ Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման։

Ըստ այդմ, կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»։
Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի»։

Տեսանյութեր

Լրահոս