«Իմ հայցն արդեն գրված է. առաջինն եմ դիմելու դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի՝ ոչ միայն այդ հրամանը, այլև օրենքի փոփոխությունները, եթե այն ընդունվի». Ռոբերտ Հայրապետյան

«Ի հավելումն այդ հրամանի՝ գործող գերգրագետ իշխանությունն օրերս առաջ է քաշել «Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխությունը, համաձայն որի՝ հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք, եթե 14 օրը մեկ չեն ներկայացնում Քովիդ բացասական թեստ կամ պատվաստման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, նրանք ազատվում են աշխատանքից: Սա փորձում են բավականին արագ տեմպերով մտցնել Ազգային ժողովի օրակարգ և ընդունել նախագիծը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից գործատուներն իրենց աշխատակիցներից 14 օրը մեկ անգամ պետք է պահանջեն կամ պատվաստման անձնագիր, կամ 72-ժամյա վաղեմության ՊՇՌ թեստավորման բացասական պատասխան:

Ընդ որում, թեստավորումն աշխատակիցները պետք է կատարեն իրենց սեփական ֆինանսական միջոցների հաշվին:

Իրավաբանն ասում է, որ կարդացել է այդ օրենքի հիմնավորումը և կարծում է, որ մի շարք աշխարհահռչակ գրողներ իրենց բեսթսելլերները գրելիս կերազեին նման գեղարվեստականացված ֆանտազիա ունենալ:

«Համաձայն հիմնավորման՝ պետական հանրային իշխանության մարմիններում աշխատող ծառայողներն իրականացնում են այնպիսի կարևոր լիազորություններ, որպիսիք անհնար կլինի իրականացնել արդյունավետ և պատշաճ, եթե նրանք վարակվեն Քովիդ-19-ով: Հիմա ուշադրություն… «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխության մեջ բացառություն է արված ՀՀ նախագահի, վարչապետի, պատգամավորների, կառավարության անդամների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների անդամների և մի շարք այլ պաշտոնատար անձանց համար»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ նրա՝ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանք չեն իրականացնում այնպիսի կարևոր գործունեություն, որպիսիք հնարավոր է՝ ոչ պատշաճ իրականացվեն Քովիդ-19-ով այս անձանց վարակվելու դեպքում:

«Այս իշխանությունը, փոխանակ վարի այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում հանրության մոտ կձևավորվի հիմնավոր կանխավարկած, որ չպատվաստվելը վտանգավոր է, ստիպում է նրան գնալ պատվաստման»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ մեր Սահմանադրությամբ անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը բարձրագույն արժեք է»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաև նշեց, որ մարդուն նաև առանց իր համաձայնության բժշկական փորձերի են ենթարկում:

«Ես այսօր առիթ ունեցա նաև խոսել արտասահմանում աշխատող որոշ բժիշկների հետ, և նրանք ինձ հավաստիացրեցին, որ շրջանառության մեջ դրված պատվաստանյութերից միայն մեկն ունի կլինիկական փորձաքննության արդյունք: Մնացած բոլորն այդ արդյունքները չունեն: Ըստ որում, այդ մեկի հետազոտությունը չի ասում, որ պատվաստվելուց հետո դու չես վարակվելու»,- ասաց իրավաբանը՝ խոստանալով իրենց պաշտոնական գրության պատասխանը ստանալուն պես հանրայնացել այդ պատվաստանյութի անունը:

Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ ինքը՝ որպես ՀՀ-ում զբաղվածություն ունեցող, աշխատող մարդ, հոկտեմբերի 1-ից, երբ օրենքն ուժի մեջ մտնի, դիմելու է դատարան:

«Իմ հայցն արդեն գրված, պատրաստ է: Ես առաջինն եմ դիմելու դատարան, որպեսզի վիճարկեմ առողջապահության նախարարի՝ ոչ միայն այդ հրամանը, այլև «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունները, եթե այն ընդունվի: Դրանք ակնհայտ հակասահմանադրական են»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Խոսելով այն մասին, որ չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների համար տուգանվելու են գործատուները, իրավաբանն ասաց, որ նման դեպքերում կիրառված ոչ իրավաչափ միջոցներն ուղղակի պիտի հիմք հանդիսանան դատական ատյանները հայցերով ողողելու համար:

«Այլ տարբերակ չկա: Դատական ատյանները հայցերով ողողելը և մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հասնելն այլընտրանք չունեն: Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որը սահմանում է կյանքի իրավունքը, իր մեջ ներառում է նաև սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքը: Եթե անգամ պատվաստման համար դու չես տվել քո համաձայնությունը, դա նշանակում է քո կյանքի իրավունքի նկատմամբ ուղիղ, ոչ իրավաչափ միջամտություն»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս