Հայ ռազմագերիներին խոշտանգելու հարցում ներգրավված են եղել Ադրբեջանի 3 գերատեսչություն, հատուկ ծեծող բրիգադ. Սիրանուշ Սահակյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ անգլերենով կազմված արտահերթ զեկույցում, բացի Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների մասին փաստերի ներկայացումից, նշված է նաև Ադրբեջանի պետության պատասխանատվության փաստը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ թեև պահանջն այն էր, որ ռազմագերիներն ու գերիները պահվեն հատուկ ճամբարներում, նման ճամբարներ չեն ստեղծվել, հենց գերության սկզբնական փուլից ազատությունից կամայականորեն զրկվել են և բոլոր գերեվարված անձինք պահվել են խիստ մեկուսացված պայմաններում, ինչը մեծացնում է խոշտանգումների կիրառման հավանականությունը, ինչպես նաև խոշտանգման հետքերը թաքցնելու՝ պետության հնարավորությունները:
«3 հիմնական ինստիտուտներ ակտիվ ներգրավվածություն են ունեցել խոշտանգումների հարցում: Դրանցից առաջինը ռազմական ոստիկանությունն է, որը գործում է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Երկրորդը քննչական մեկուսարանն է, որը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո: Եվ երրորդն Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարաններն են: Եղել է հստակ ձեռագիր: Ռազմական ոստիկանությունում անձինք ոչ միայն ենթարկվել են պարբերական և պատժիչ ծեծի, այլև այնտեղ գտնվելու ողջ ժամանակահատվածում նրանք զրկված են եղել սննդից, հիգիենայի պարագաներից, քնից, ջրից, և նրանց նաև ենթարկել են ֆիզիկական պատիժների, օրինակ՝ անընդմեջ կանգնած մնալու, սառը գետնին անընդմեջ պառկելու, նրանց վրա սառը ջուր լցնելու և այլ եղանակներով:
Պատժիչ և նպատակային ծեծը իր շարունակությունն է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Այստեղ գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք ադրբեջանական իշխանություններին հայտնի մեթոդներով ծեծի են ենթարկել: Ընդ որում, դա կանոնավոր բնույթ է կրել՝ մինչև գիտակցության կորուստ, և երբ անձինք գիտակցության են եկել, դարձյալ այս դաժան ծեծը շարունակվել է…
Հետագայում տեղափոխվել են արդեն Արդարադատության նախարարության ներքո գտնվող մեկուսարան, որտեղ ծեծը չի ունեցել նույն կանոնավորությունը, ինչ նախորդ երկու հաստատություններում, բայց մշտական ձևով անձանց ենթարկել են ստորացման, նվաստացումների և հատուկ հանգամանքներով պայմանավորված կարող էին ենթարկել նաև ցուցադրական ծեծերի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ կա ապացուցողական բազա, որ այս հաստատությունների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել խոշտանգումների մեջ, ինչը քրեորեն պատժելի արարք է:
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե լինի հետևողականություն, ապա Ադրբեջանի նկատմամբ կարող են կիրառվել քաղաքական պատժամիջոցներ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում