Արյան ցածր ճնշում ունեցողները պետք է իմանան, որ առավոտյան չի կարելի անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով

Սովորաբար արյան ցածր ճնշումն ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Հիպոտոնիան ժողովրդի մեջ ընդունված է «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, որքան թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, և կանայք, որոնց ճնշումը 90/60 է:

Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն նույնիսկ` ուշագնացությունը: Հիպոտոնիկները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի հանդեպ: Նաև ավելացնենք, որ արյան ցածր ճնշում ունեցող կանանց մոտ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, իսկ տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում պոտենցիայի հետ կապված:

Եթե արդեն հիպոտոնիա հիվանդությունը հայտնաբերված է, չարժե լիտրերով սուրճ խմել: Ավելի լավ է փորձել գտնել հիվանդության բուն պատճառը: Հիպոտոնիայի պատճառ կարող են հանդիսանալ, օրինակ` սակավարյունությունը, հեպատիտը, տասներկումատնյա աղիի խոցը, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի ու նյարդային հիվանդությունները: Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պայքարել ցածր ճնշման դեմ:

Կարիք չկա լիտրերով սուրճ խմել, բայց 1 գավաթ սուրճը, այն էլ՝ վաղ առավոտյան, անհրաժեշտ է: Այն կարելի է համատեղել մի փոքր կտոր պանրի հետ:

Բժիշկները հիպոտոնիկներին խորհուրդ են տալիս օրվա կտրվածքով սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել, ինչը կնպաստի, որ ճնշումը պահպանվի ընդունված սանդղակի չափով:

Պետք է կարողանալ քնել 9-10 ժամ: Քունը հիպոտոնիկներին պարզապես անհրաժեշտ է: Կարելի է նաև փորձել օգտագործել բնական խթանիչներ:

Հիպոտոնիկներին օգտակար է նաև ակտիվ հանգիստը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, իսկ ուրախ շարժուն խաղերն ու քայլելը հենց այն են, ինչ պետք է:

Անոթների մարզանքը ևս շատ լավ օգնում է: Այն անելու համար շատ լավ կօգնի տաք ցնցուղը:

Նրանք, ովքեր արյան ցածր ճնշում ունեն, պետք է իմանան, որ առավոտյան չի կարելի անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով: Սկզբում պետք է նստել անկողնու մեջ, հետո կախել ոտքերը, 1 րոպեի չափ նստել, հետո միայն վեր կենալ: Տեղից արագ վեր թռչելու հետևանքով հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ ունենալ:

Պատրաստեց 168․am-ը

Տեսանյութեր

Լրահոս