Պատվաստվել ստիպելն աշխատողի իրավունքների կոպիտ ոտնահարում է… սա կենդանիների վարժեցման դասընթաց չէ. Բարսեղյան

Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական գրպանից: Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է նաև գործատուն՝ տուգանք վճարելով:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այս նախագծով գործ ունենք պատիժների, սահմանափակումների և սանկցիաների հետ, իսկ հարցի առողջապահական բաղադրիչն ամբողջությամբ բաց է մնացել:

«Բաղադրիչները երկուսն են՝ իրավական և առողջապահական: Այստեղ նորից Առողջապահության նախարարությունը՝ արդեն երրորդ անգամ, խառնում է օրենսդրական նախաձեռնությունների իրավական, քաղաքական և առողջապահական բաղադրիչները և հերթական անգամ հանդես է գալիս անհեթեթ նախաձեռնությամբ: Առողջապահական բաղադրիչներից և իմաստից ելնելով՝ բնական է, որ Առողջապահության նախարարությունը պիտի անցկացնի այնպիսի քաղաքականություն, որպեսզի կարողանա համոզել ազգաբնակչությանը, որ պատվաստումն իր մեջ չի կրում վտանգներ, որ պատվաստված մարդիկ նորից չեն վարակվում, և, որ պատվաստումները անվտանգ են բոլոր կատեգորիայի մարդկանց համար…

Ամբողջ պետական ապարատը լծված է պատվաստման գովազդին, բայց քանի որ կառավարության վարկանիշը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա և վստահությունը դեպի կառավարություն և իշխող ուժ խիստ բացասական է, բնական է, որ իրենց համոզումներն առոչինչ են անցնում:

Ես՝ որպես գործատու, բնական է՝ չեմ կարող ստիպել իմ աշխատողին գնալ, պատվաստվել, որովհետև սա հակասում է իր սահմանադրական իրավունքներին, և ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չկա, որ նրան կստիպի՝ գնալ, պատվաստվել կամ բերել ինձ հանձնել թեստի պատասխան, առավելևս, որ ես կրեմ դրա պատասխանատվությունը՝ որպես գործատու…

Պատվաստումը դեռ չի համարվում պարտադիր, և պատվաստվել ստիպելը համարվելու է հակասահմանադրական և աշխատողի իրավունքների կոպիտ ոտնահարում: ՈՉ մի աշխատանքային պարտականությունների մեջ գրված չէ, որ մարդը պետք է պատվաստված լինի»,- նշեց Աշոտ Բարսեղյանը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ պահանջն ընդամենը հրամանի տեսքով է, ոչ թե իրավական նորմի, ու վստահություն ունի, որ կառավարությունն այդ դեպքում ևս կհանդիպի հրամանի չկատարման բազմաթիվ դեպքերի, քանի որ պահանջները տրամաբանական չեն:

«Սա նմանվելու է դիմակ կրելու ֆորմալ պահանջին, որովհետև բոլորը հասկանում են, որ դիմակ կրելու պահանջը ֆորմալ է, ինչ էլ ուզում է անեն, այն ֆորմալ էլ մնալու է, որովհետև անհնար է ստիպել մի քանի միլիոն մարդու՝ ինչ-որ հրահանգով: Վերջիվերջո սա կենդանիների վարժեցման դասընթաց չէ, որ մի ձեռքի շարժումով դիմակները դնեն և հաջորդ նախարարի ձեռքի շարժումով դիմակները հանեն…

Այս պահանջն ավելորդ անգամ տարաձայնություններ է մտցնելու թե՛ պետություն-մասնավոր բիզնես-պետական աշխատող համակարգում, թե՛ գործատու-աշխատող հարաբերությունների մեջ»,- նշեց Աշոտ Բարսեղյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս