Բաժիններ՝

Կլաուդիա Կարդինալեն պատմել է Բելմոնդոյի հետ բարեկամության մասին

Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որը Ժան Պոլ Բելմոնդոյի հետ նկարահանվել չորս կինոնկարներում, հայտարարել է, որ խորապես վշտացած է «գործընկերոջ, ամենից առաջ բարեկամի համար»։

«Ինձ համար եւ շատ ուրիշների համար նա կմնա կենսական ուժի, շարժման , ժպիտի, կենսուրախության մարմնացում»,-ասել է նա իտալական il Messaggero թերթին տված հարցազրույցում: Կարդինալեն պատմել է, որ բարեկամական հարաբերություններ է պահպանել Բելմոնդոյի հետ: «Մենք զանգահարել ենք միմյանց, երբեմն տեսնվել, կիսելով լավ ժամանակները հիշելու հաճույքը, եւ փոքր-ինչ ծիծաղել»,-հավելել է 83-ամյա կինոաստղը:

Նրա խոսքով՝ իրենց առաջին համատեղ ֆիլմի՝ «Լա Վիաչչա»-ի, 1961 թվականին կատարված նկարահանումների ժամանակ երիտասարդ դերասանները պետք է պահպանեին լրջությունը եւ ուշադիր լսեին ռեժիսոր Մաուրո Բոլոնինիին:

«Բայց ընդմիջումների ժամանակ մենք կրկին երեխաներ էինք դառնում: Մի անգամ հյուրանոցում Ժան Պոլը ինձ խնդրեց շեղել տնօրենին, մինչ նա զվարճանում էր՝ կոտրելով կահույքը: Մեկ այլ անգամ գալա-ընթրիքի ժամանակ մենք թաքնվել էինք սեղանի տակ եւ հացի փշրանքներ էինք նետում հյուրերի վրա»,-պատմել է Կարդինալեն:

Նա նշել է, որ Բելմոնդոյին կհիշի որպես մեծ դերասանի, իսկական ընկերոջ եւ կինեմատոգրաֆի խորհրդանիշի, որն այլեւս չկա: Բելմոնդոն վախճանվել է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում: Դերասանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» եւ այլ ժապավեններ: Արտիստը ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի եւ նկարչուհի Սարա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում:

Ընդունվել է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան: 1989 թվականին նա արժանացել է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգեւատրվել է Կաննի կինոփառատոնի Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղով (2011 թ.) եւ «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս