Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ վարչապետի բնորոշմամբ՝ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում:
«Այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև՝ պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ: Մեկտեղ, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ:
«Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ:
Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով:
«Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին: