Հրաչյա Փոլադյանը հրաժեշտի ուղերձ է հղել

Իրաքի Հանրապետությունում որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը հրաժեշտի ուղերձ է հղել, որում ասված է․ «Երեք տարի անց ավարտելով դիվանագիտական առաքելությունս բարեկամ Իրաքի Հանրապետությունում որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` պարտքս եմ համարում երախտիքս հայտնել Իրաքի Հանրապետության բարձրագույն ղեկավարութանը, պետական հաստատություններում աշխատող պաշոնյաներին և Իրաքի ժողովրդին՝ այս տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններում աշխատանքային ակտիվ մթնոլորտը պահպանելու, մի շարք կարևոր հարցերում օժանդակելու և իհարկե հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Վստահ եմ, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպես խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի և նաև մեր ժողովուրդների խաղաղասիրության: Եվ չնայած մշտապես խաղաղությանը միտված լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կլինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դեմ:

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ իրաքահայ իմ սիրելի համայնքին: Զգացմունքները բազմազան են, սակայն միևնույն ժամանակ պիտի շեշտեմ, որ այդ հույզերը մեր բոլորիս անցած երկար և, ինչն ամենակարևորն է, արդյունավետ, պետականաշեն ճանապարհի մաքուր արտացոլանքն են:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք, ինձ համար ապավեն դարձած, ամեն վայրկյան աշխատել եք մեզ հետ միասին, շենացրել եք մեզ հետ միասին, կերտել եք մեզ հետ միասին` երբեմն հասնելով անիրական թվացող նպատակների, և վերջապես մեզ հետ միասին բիբլիական Արարատի բարձրությանը հավասար եք պահել մեր սրբազան երկրի պատիվը:

Եվ ահա, ասօր հեռանում եմ Իրաքից` այստեղ թողնելով հազարավոր հայերի, որոնք հարազատ են դարձել ինձ և իմ ընտանիքին: Վստահ եղեք, մենք միասին կառուցելու ենք այն երկիրը, որի մասին երազում ենք, դրա ճանապարհին ենք և այդ ճանապարհի հենասյուներից մեկը դուք եք, հավատացեք՝ հենց դուք:

Մնաք բարով և մինչ հանդիպում»։

Տեսանյութեր

Լրահոս