Բաժիններ՝

Քրդամետ կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերի հետ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական​​կուսակցությունը (HDP) 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ է արել թուրքական պետությանը առերեսվել այդ իրադարձության հետ՝ փոխհատուցելով նյութական և բարոյական կորուստները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

HDP կուսակցության ժողովուրդների և հավատքների հանձնաժողովի համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարըն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրականացվող քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի վերադարձի արգելքը, 1936-ի հռչակագիրը, «Ունեցվածքի հարկը» և «Հիմնադրամների մասին» օրենքը, շարունակվել է սեպտեմբերի 6-7-ի ջարդերով:

Հայտարարության մեջ մեջբերելով նախկին թուրք պաշտոնյաների խոսքերը՝ քրդամետ կուսակցությունը նշել է, որ այն կազմակերպվել է պետության կողմից և պետական քաղաքականության մի մասն է կազմել:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Միևնույն ժամանակ, հարձակումը ցայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես են պետության ղեկավարները միշտ օգտագործում ռասիզմն ու թշնամանքը իրար նկատմամբ՝ ստվերելու սոցիալական խնդիրները, քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Ինչպես քրդերի դեմ այսօր աճող ռասիստական​​հարձակումները, այնպես էլ տարբեր ժողովուրդների և համոզմունքների նկատմամբ ատելության խոսքն ու հանցագործությունները դեռ շարունակվում են, և մենք բոլորս դեռ ապրում ենք սեպտեմբերի 6-7-ը»:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 6-7-ի ջարդերը պաշտոնապես չեն դատապարտվել և որևէ քայլ չի ձեռնարկվել փոխհատուցման կամ ներման համար՝ Հաթիմօղուլլարըն ասել է. «Հավասար քաղաքացիություն ապահովելու, ատելությունից և ռասիզմից զերծ ապագա կառուցելու և հանրային համերաշխություն ապահովելու համար այս երկրի բնիկ ժողովուրդների դեմ ուղղված այս ամոթալի իրադարձության հետ հարկավոր է առերեսվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս