Հնդկաստանում մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել 11 մարդու մոտ
Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն է: Այդ մասին հայտնել է նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջը, հաղորդում է NDTV-ն:
Համահնդկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ վիրուսի փոխանցողներ են հանդիսանում մրգի չղջիկները: Շնչուղիների հետ կապված ախտանշաններից բացի, վիրուսը կարող է նաեւ առաջացրել տենդ, մկանային ցավեր, գլխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց:
«Մրգի չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այդ վիրուսը կարող է տարածվել: Մենք չունենք այդ հիվանդության բուժման հատուկ մեթոդ»,-ասել է նա: Բիսվասը հայտնել է, որ վիրուսն արագորեն փոխանցվում է մարդուց մարդուն:
«Դրանից առաջ մեզ մոտ եղել է Nipah վիրուսի երկու բռնկում. մեկը՝ Քերալայում, մյուսը՝ Արեւմտյան Բենգալիայում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդացածների մոտավորապես 90 տոկոսը մահացել է»,-ասել է Բիսվասը:
Նա հավելել է, որ խնդիրը կրում է գլոգալ բնույթ, եւ Հնդկաստանի մերձակայքում գտնվող մի շարք այնպիսի երկրներում, ինչպիսին Բանգլադեշն է, քանիցս տեղի են ունեցել վիրուսի բռնկումներ: Ավելի վաղ Քերալայի իշխանությունները հաղորդել են այս նահանգի Քոջիքոդ քաղաքում Nipah վիրուսից 12 տարեկան տղայի մահվան մասին:
Այստեղ ուղարկվել է բժշկական բրիգադ, որն այցելել է տղայի տուն եւ ռամբուտան մրգի նմուշներ վերցրել շրջակա տարածքներում՝ վարակի աղբյուրները որոշելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: