Բաժիններ՝

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները պարզել են, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից՝ տեղեկացնելով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է իրացնելու նպատակով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի հիշյալ թմրամիջոցը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ անձնավորությունը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս